Երևանի ավագանիում «դժոխքի» մասը միգուցե տիկին Փոստանջյանն ապահովի. Ալեն Սիմոնյան
Քաղաքապետարանը չի պատկանում որևէ մեկին, քաղաքապետարանը երևանցիներինն է, և մենք երևանցիների կողմից պատվիրակված ենք՝ աշխատելու քաղաքապետարանում, անկախ նրանից՝ ով այնտեղ կլինի: Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն այսպիսի հայտարարություն է արել «Ազատություն» ռադիոկայանի եթերում:
«Գնացել ենք բակ առ բակ, խնդրել ենք, որ այդ մարդիկ մեզ ընտրեն: 70 հազար մարդ մեզ ձայն է տվել»,-ասել է Ալեն Սիմոնյանը և ավելացրել, որ իրենք ընտրվել են, որպեսզի քաղաքապետարանում աշխատեն: Ըստ նրա՝ քաղաքապետարանի նիստերին իրենք պարտավոր ենք մասնակցել:
Ավագանու անդամը, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք իրենք չե՞ն պատրաստվում «դժոխքի վերածել» Տարոն Մարգարյանի կյանքը, ասել է. «Դժոխքի մասը միգուցե տիկին Փոստանջյանն ապահովի, մենք արդյունքները երևանցուն հասցնելու մասը կապահովենք: Իսկ այդ դժոխքի վերածելուց երևանցին շահելո՞ւ է, վերելակները վերանորոգվելո՞ւ են, տանիքները չե՞ն կաթալու, մետրոյի նոր կայարաններ են կառուցվելո՞ւ: Իհարկե ոչ»:
Ալեն Սիմոնյանը նկատել է, որ, սովորաբար, չգիտես ինչու ընդդիմադիրների գործողություններն ընկալվում են իբրև ինչ-որ մեկի տրամադրությունը փչացնելու գործոն, այլ ոչ թե կոնկրետ ինչ-որ արդյունքի հասնելու նպատակ:
«Ըստ օրենքի՝ քաղաքապետարանում հանձնաժողովների ամբողջ կազմը ձևավորվում է ավագանու անդամներով, և մենք բոլոր հանձնաժողովներում ունենք մեր ներկայացուցիչները: Դա հնարավորություն է տալիս ոչ միայն հետևել, այլ նաև հարկ եղած դեպքում վերահսկել: Կոնկրետ հարցի դեպքում աղմուկ կբարձրացնենք, կիրազեկենք հանրությանը, նաև չեմ բացառում փողոցում պայքարելու միջոցը, ինչո՞ւ ոչ»,-պարզաբանել է Ալեն Սիմոնյանը:
Նա հիշեցրել է, որ «Ելք»-ն ունի 14 մանդատ, այդ հնարավորությունների շրջանակում անելու են ամենը, ինչ հնարավոր է:
Փողոց դուրս գալը, նրա խոսքով, կլինի այն ժամանակ, երբ ներսում էլ անելիք չկա։ «Պետք է արդեն դրսով կանգնեցնել այդ գործողությունը: Բնական է, որ մենք մեր սկզբունքներից հետ չենք կանգնելու: Այն բոլոր դրական փոփոխությունները, որոնք իրական տեղաշարժի կբերեն, կոռուպցիոն ռիսկեր չեն պարունակի, մենք հո մեր Երևանի, մեր քաղաքացիների թշնամին չե՞նք, բնական է, որ կհամագործակցենք և կողմ կքվեարկենք: Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, նաև ընդդիմադիր, պետք է այդպես վարվի»,-վստահեցրել է ավագանու «Ելքի» անդամը:










