«Ինքն է վերցրել». Արամ Դանիելյանն այն մասին, թե ինչպես են վրաերթ կատարած անչափահաս որդու ձեռքում հայտնվել մեքենայի բանալիները

14:32 • 09.06.17

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը Tert.am-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատելով տեղեկությունը, որ իր անչափահաս որդին է նախօրեին վրաերթի ենթարկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 223 շենքի 12 բնակարանի բնակիչ՝ 58-ամյա Վալերի Թորոսյանին, ով հիվանդանոցում մահացել էր, հայտնեց, որ ինքն իր անչափահաս որդուն մեքենայի բանալի չի տվել:

«Ինքն ա վերցրել, դե հիմա… Ի՞նչ ասեմ, դժբախտություն է, պատահել է»,-ասաց Արամ Դանիելյանը՝ նշելով, որ ավել չի կարող խոսել:

Հիշեցնենք, որ ինչպես հաղորդել էր ՀՀ ոստիկանությունը, այսօր՝ հունիսի 9-ին, ոստիկանության Հրազդանի բաժին է մեղայականով ներկայացել Հրազդան քաղաքի մի բնակիչ:

Սակայն հարցին, թե արդյո՞ք նա 17-ամյա Ռազմիկ Արամի Դանիելյանն է, ոստիկանությունից խորհուրդ տվեցին այլ մանրամասները համար դիմել Քննչական կոմիտե։