Սարոյանի ստեղծագործությունների թարգմանությունն ու վերահրատարակումը «Սարոյանասերների» ակումբի 9-րդ հանդիպման գլխավոր թեման էր

21:06 • 10.06.17

Այսօր՝ հունիսի 10-ին, «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի «Սարոյան

 

Հաուս» նախագծի շրջանակներում անցկացվեց «Սարոյանասերների» ակումբի 9-րդ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին սարոյանասերներ, գրականագետներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, արտասահմանյան հյուրեր, ինչպես նաև գրողի մերձավորներն ու պարզապես Սարոյանի արվեստի երկրպագուները: Հանդիպման պատվավոր հյուրն էր Ֆրեզնոյում Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտության բաժնի պրոֆեսոր Բարլո Տեր-Մկրտեչյանը:

 

Ակումբի հերթական հանդիպման քննարկման թեման էր Սարոյանի ստեղծագործությունների թարգմանությունը, վերահրատարակումը, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակներին անհայտ ստեղծագործությունների լույս ընծայումը: Մասնակիցները բուռն քննարկում ծավալեցին վերոնշյալ թեմաների շուրջ, փորձեցին առանձնացնել մեծն գրողի թողած գրական ժառանգության արդեն իսկ հայերեն թարգմանված նմուշները, առաջարկեցին աշխատանքների ընթացքի իրենց տարբերակներն ու մոտեցումները:

 

Ինչպես նախորդ հանդիպումները, այնպես էլ այս մեկը չանցավ առանց նորանոր բացահայտումների գրողի կյանքի ու ստեղծագործության մասին, որոնք ևս մեկ քայլ մոտեցրին մեզ գրողի ճանաչմանը: Հանդիպման ավարտին մասնակիցները կազմեցին մոտակա աշխատանքների ծրագիրն ու առանձնացրեցին առաջիկա անելիքները, որոնք վստահ քայլերով մեզ տանում են դեպի սարոյանական նոր ստեղծագործությունները:

 

Դե ինչ, իսկ մեզ մնում է միայն անհամբեր սպասել այն պահին, երբ մենք կկարողանանք մեր գրապահարանները համալրել Սարոյանի նոր թարգմանված ստեղծագործություններով: