Ռուսաստանում իր տան մուտքի մոտ ձերբակալել են ընդդիմադիր գործիչ Նավալնիին

16:15 • 12.06.17

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը հայտնել է, որ իր ամուսինը ձերբակալվել է ոստիկանների կողմից իրենց տան մուտքի մոտ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:


«Ողջույն: Յուլյա Նավալնին է: Շնորհավորում եմ բոլորիդ տոնի առթիվ (այսօր ՌԴ-ում նշում են Ռուսաստանի օրը-Tert.am): Ալեքսեյին ձերբակալել են տան մուտքի մոտ: Նա խնդրել է փոխանցել, որ ծրագրերը չեն փոխվում: Տվերսկայա»,- այդ հաղորդագրությունն է հայտնվել Ալեքսեյ Նավալնիի Twitter-յան էջում:


Կիրակի երեկոյան ընդդիմադիր գործիչ Նավալնին հայտարարել էր, որ չի գնա իշխանությունների հետ համաձայնեցված՝ Սախարովի պողոտայում կոռուպցիայի դեմ հանրահավաքին, այլ դրա փոխարեն կոչ է արել իր աջակիցներին միանալ Մոսկվայի կենտրոնում տոնական զբոսանքներին:


Այսօր կեսօրին Տվերսկայա փողոցում սկսվել է ընդդիմության չարտոնված հանրահավաքը: Ինչպես գրում է lenta.ru-ն, հանրահավաքի տեղափոխումը Տվերսկայա փողոց Մոսկվայի քաղաքապետարանը գնահատել է որպես սադրանք և հայտարարել է, որ ոստիկանությունը չի խոչընդոտի ընդդիմության աջակիցների զբոսանքներին, եթե նրանք չպարզեն պաստառներ և չվանկարկեն կարգախոսներ: