Ամրագոտի չկապելու, ընթացքի ժամանակ ծխելու և հեռախոսով խոսելու համար տուգանելը նորություն չէ. Ա. Ահարոնյան
Եթե կա օրենքի խախտում, բնականաբար, դրան պետք է արձագանքել. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ճիշտ են արդյոք տեղեկությունները, որ վարորդներն այժմ տեսախցիկների միջոցով տուգանվում են նաև ամրագոտին չկապելու, ծխելու կամ հեռախոսով խոսելու համար:
-Վարորդները նշում են, որ այժմ ճանապարհներին տեղադրված տեսախցիկների միջոցով տուգանքներ են գրանցվում նաև ամրագոտի չկապելու, ընթացքի ժամանակ ծխելու և հեռախոսով խոսելու համար: Հայտնի է, որ օրենքը վաղուց էր գործում, բայց ինչո՞ւ է վարորդների շրջանում այժմ աժիոտաժ առաջացել:
-Ես չգիտեմ, թե վարորդների շրջանում ինչու է նման բան առաջացել, բայց եթե կա օրենքի խախտում, բնականաբար, դրան պետք է արձագանքել:
-Բայց կարո՞ղ ենք ասել, որ այժմ ուժեղացված հսկողություն է տարվելու վերը նշված խախտումների նկատմամբ:
-Դրանք մշտապես ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում են եղել:
-Հիմա ենթադրվում է, որ այդ տեսախցիկները ֆիքսում են մեքենայի սրահը, բայց չէ՞ որ մեքենայի տարածքը համարվում է մարդու անձնական տիրույթ: Տվյալ դեպքում այս մասով խախտում չկա՞:
-Այդ ամենը օրենքը կարգավորում է և մենք բազմիցս պարզաբանում տվել ենք: Արձանագրված խախտումների դեպքերը պարզվում են օրենքով կարգավորված գործողություններով:










