Ոչ միայն հիմնը, այլ նաև գերբը կարիք ունի փոփոխության, բայց դրանք չեն, որ մեր երկիրը նման վիճակի են հասցրել. Նարինե Թուխիկյան

23:11 • 13.06.17

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը կողմ է ՀՀ պետական օրհներգի փոփոխության գաղափարին: Նա Tert.am-ի հետ զրույցում  նկատեց, որ այդ հարցը վաղուց է քննարկվում, սակայն նրա համար անհասկանալի է, թե ինչու այժմ թեմայի քննարկումը կրկին սաստկացավ:

«Սովորաբար այս թեման վերածնվում է ինչ-որ բաներից մեր ուշադրությունը շեղելու համար: Բայց, որ պետք է փոխվի, միանշանակ է, քանի որ հիմնը որևէ կապ չունի մեր ժամանակների հետ: Հասկանալի է՝ Առաջին հանրապետություն է, բայց հիմա բացարձակ այլ իրավիճակ է: Հետո՝ հիմնի մինորային և մաժորային հարցեր կան, որ պետք է կարգավորվեն: Ոչ միայն հիմնը, այլ նաև գերբը կարիք ունի փոփոխության, թեպետ հիմա չեմ կարող ասել, որ պետական խորհրդանիշներն են հիմքը, որ մեր առյուծի բերանը փակ է, կամ` որ մեր հիմնում արցունքով լվացված դրոշ է, որ մենք այսքան թույլ ենք»,- ասաց նա:

Թուխիկյանը դժվարացավ ասել՝ Շառլ Ազնավուրի հեղինակած «Քեզ համար Հայաստան» երգը Հայաստանի օրհներգ լինելու համար հարմա՞ր է, թե՝ ոչ: Նրա գնահատմամբ՝ այն, ինչ վերաբերում է պետական խորհրդանիշներին, պետք է հասարակական լայն քննարկման դրվի մինչ որոշում կայացնելը. «Իրոք, չգիտեմ, քանի որ դրանք պետք է քննարկվեն, տարբերակներ ու կարծիքներ լսենք: Միշտ էլ բանավեճի մեջ է լսվում է լավագույն տարբերակը»,- շարունակեց Թուխիկյանը:

Դիտարկմանը, որ ստացվում է, որ ՀՀ պետական օրհներգում մահի և արյան մասին շեշտադրումները շատ են, մեր հիմնում պետք է արտացոլվեն մեր պատմության հաղթանակնե՞րը, Թուխիկյանն արձագանքեց. «Անպայման, քանի որ մեր հաղթանակներն ակնառու են՝ թե՛ Առաջին հանրապետության ժամանակ, թե՛ Արցախյան մեր հաղթանակը: Այո՛, այդ ուժը պետք է լինի, սակայն հարց է՝ այդ ուժն ունե՞նք այսօր, գուցե չունենք ու մեր հիմնը ու զինանշանը մեր ներկա հոգեվիճակին շատ հարմար են»:

Միաժամանակ, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը շեշտեց, թե ինքը չի կարծում, որ օրհներգի բառերը կամ գերբի առյուծներն են, որ մեր պետությունը նման վիճակի են հասցրել: Նա առաջնային է համարում, որ «յուրաքանչյուրն իր ուղեղում փոփոխություն անի»:

«Նկատենք, որ, օրինակ, ՌԴ օրհներգում ասվում է «священная наша держава», բայց երբ նայում են իրենց հասարակության վիճակին, հասկանում են, որ իրենց օրհներգն էլ համապատասխան չէ, իրականության մեջ կան անհամապատասխանություններ: Պետք է հիմնը այնպիսին լինի, որ իրատեսական, կյանքային լինի, սակայն գերնպատակը պետք է լինի հումանիզմի կայացումն ու զարգացումը, մտավոր, հոգևոր պետություն դառնալու նախադրյալը, որի հնարավորությունը ՀՀ-ն ունի: Այսօր Հայաստանում անհատները խոսում են տիեզերական պետություն ստեղծելու մասին: Հիմա գուցե ինչ-որ մեկի համար սա քոսոտ երկիր է, ինչպես ԳԱԱ նախագահն ասաց, ինչ-որ մեկի համար տիեզերական մեծ պոտենցիալ ունեցող է: Կամ էլ, գուցե, մենք հենց այդ քոսոտ առյուծն էլ պիտի ունենանք»,-  եզրափակեց Նարինե Թուխիկյանը

 

ՀեղինակԱնի Օհանյան