Թուրք ցուցարարները Անկարայից երթով ուղևորվում են Ստամբուլ` բողոքելով ընդդիմադիր պատգամավորի բանտարկման դեմ (տեսանյութ)

20:46 • 15.06.17

Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը 400 կմ երկարությամբ ձգվող երթ է սկսել մայրաքաղաք Անկարայից մինչև Ստաբուլի բանտը` ի նշան բողոքի կուսակցության պատգամավորներից մեկի ձերբակալության դեմ:

Ինչպես հաղորդում է Press TV-ն, հազարավոր ցուցարարներ հինգշաբթի միացել են բողոքի երթին, որը ղեկավարում է կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:

Թուրքական մամուլի հաղորդմամբ` երթեր են անցկացվելու երկու շաբաթվա ընթացքում, որոնց մասնակիցներն ամեն օր 15-20 կմ տարածություն են անցնելու:

Ցուցարարները ժողովրդարամետ կարգախոսներ են բացականչում և համապատասխան գրություններով պաստառներ տանում իրենց հետ:

Հիշեցնենք, որ կուսակցության անդամ Էնիս Բերբերօղլուի ազատազրկման մասին հատնի է դարձել նախօրեին: Դատարանը վերջինիս դատապարտել է 25 տարվա ազատազրկման երկրի ազգային հետախուզական կազմակերպության տեսանյութերը հրապարակելու համար, որոնցում պատկերված էին Սիրիա զենք տեղափոխող մեքենաները: