Սվիտալսկիի հայտարարությունը փորձ է ներքին քաղաքականության հարցին միջամտելու, ինչն անթույլատրելի է. Դավիթ Հարությունյան
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկիի՝ ռեյտինգային ընտրական համակարգի մասին արված քննադատությանը ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նկատմամբ վստահության հարցին, նշեց, որ ընտրական համակարգի վերաբերյալ դիրքորոշում պետք է արտահայտեն ոչ թե դեսպանները, այլ համապատասխան ոլորտի ներկայացուցիչները:
«Համապատասխան ոլորտի ներկայացուցիչներից ամենաբարձրը, որին ես գիտեմ, Վենետիկի հանձնաժողովն է: Այն տվել է իր եզրակացությունը, և այն, որ մեր կողմից ընդունված համակարգը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին, փաստարկված է: Այն բարդ է, որովհետև փորձ է արվել մշակել մեխանիզմներ, որոնք, օրինակ, պատշաճ ձևով արտացոլում են ազգային փոքրամասնությունների ներկայացվածությանը խորհրդարանում: Կարելի՞ էր ավելի պարզեցնել ընտրական օրենսգիրքը՝ այո, բայց դա ունենալու էր իր բացասական գինը»,-ասաց նա և նշեց, որ իրենք ծանր ու թեթև անելով այդ ուղղությամբ են որոշել գնալ:
Նա նաև համակարծիք չէ այն հայտարարությունների հետ, թե հարկավոր է ԿԸՀ կազմը փոխել այն պատճառաբանությամբ, որ այն հասարակության շրջանում վստահություն չունի։ Դավիթ Հարությունյանն ասաց, որ բացասական է վերաբերում նման հայտարարություններին։ Ըստ նրա՝ դա երկրի ներքին խնդիրն է, և այդ հարցը ԱԺ-ն է որոշում:
«Եթե Սվիտալսկին նման հայտարարությամբ է հանդես եկել, դա փորձ է ներքին քաղաքականության հարցին միջամտելու, ինչը համարում եմ անթույլատրելի՝ անկախ նրանից՝ դա բարի նպատակներով է արվում, թե ոչ», - ասաց Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Պյոտր Սվիտալսկին խոսելով ԿԸՀ–ի և այս կառույցի աշխատանքի արժանահավատության մասին ասել էր. «Խոսքը միայն փաստերի մասին չէ, այլ՝ ընկալումների: ԿԸՀ-ի կազմում պետք է ներգրավվեն քաղհասարակության ներկայացուցիչներ և այլն: Իմ խորհուրդն է հայերին՝ մտածեք, ուսումնասիրեք ԿԸՀ-ի կազմի խնդիրը, նաև այն, թե ինչպես կարող եք ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ և հանրային վստահությունը վայելող կառույց»:










