Գլոբուսի վրա մատդ ուր դնես՝ ԱՄՆ-ի շահերն են ու միջամտությունը. Պուտինի ավանդական «ուղիղ կապը» ռուսաստանցիների հետ (տարբերակ 5)
16.57
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիների հետ ավանդական«ուղիղ կապի» ժամանակ հայտարարել է, որ ինքն էլ է մարդ, և իրեն երբեմն փորձում են խաբել։
«Ես կարծում եմ՝ այստեղ նստածներից յուրաքանչյուրը նման փորձ ունի, երբ նրան փորձել են խաբել: Չի լինում այնպես, որ մեզ փորձած չլինեն խաբել: Եվ ես էլ մարդ եմ, և ինձ էլ երբեմն փորձում են խաբել: Պատահում է: Բայց անգամ եթե ես դա տեսնում եմ, փորձում եմ ինձ հանգիստ պահել և որևէ կերպ արձագանքելուց առաջ միշտ կնայեմ, անգամ եթե վստահ լինեմ, որ փորձում են խաբել, թե որոնք էին նրա շարժառիթները, ինչ էր մարդն ուզում, ինչի էր ձգտում»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ դա, սակայն, նա չի մոռանում։
15.52
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի շահերն ու միջամտությունը կարելի է գտնել ցանկացած երկրում: Այդ մասին նա ասել է ռուսաստանցիների հետ ավանդական «ուղիղ կապի» ժամանակ:
«Վերցրեք գլոբուսը, պտտեք, մատներդ մի տեղ դրեք՝ այնտեղ ամերիկյան շահերն են, այնտեղ հստակ նրանց միջամտությունն է: Ես դա գիտեմ գրեթե բոլոր պետությունների ղեկավարների հետ խոսակցություններից: Նրանք պարզապես չեն ցանկանում վիճել ամերիկացիների հետ, ոչ մեկ ուղղակիորեն չի խոսում այդ մասին»,- ասել է Պուտինը:
Նա նաև հավելել է, որ ռուսներն ԱՄՆ-ին թշնամի չեն համարում, իսկ Ռուսաստանը և ԱՄՆ-ն չափազանց շահագրգռված են հարաբերությունների կարգավորմամբ:
«Վստահեցնում եմ ձեզ, որ Ռուսաստանում շատ մարդիկ կան, որոնք մեծ հարգանքով են վերաբերում ամերիկացի ժողովրդի ձեռքբերումներին և հուսով են, որ մեր հարաբերությունները վերջնական հաշվով նորմալ վիճակի կբերվեն, ինչում մենք չափազանց շահագրգռված ենք՝ և՛ մենք, և՛ Միացյալ Նահանգները»,- ասել է նա:
14.26
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիների հետ «ուղիղ կապի» ժամանակ պատմել է իր երեխաների ու թոռների մասին:
«Ես չեմ ցանկանում, որ նրանք արտոնյալ մեծանան, ես ցանկանում եմ, որ նրանք ապրեն շարքային կյանքով»,- պատմել է ՌԴ նախագահը:
Նրա խոսքով՝ իր դուստրերն ապրում են Ռուսաստանում՝ Մոսկվայում: Նրանք զբաղվում են գիտությամբ և կրթությամբ:
«Վերջերս երկրորդ թոռս է ծնվել»,- հավելել է Պուտինը:
13.38
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիների հետ «ուղիղ կապի» ժամանակ բացատրել է, թե ինչու է ռուսաստանցիների համար դժվար զգալ տնտեսական աճը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանի տնտեսության անկումը շատ լուրջ է եղել, այդ պատճառով ռուսներին դեռ դժվար է զգալ տնտեսական աճը»,- ասել է ՌԴ նախագահը:
Նա հայտարարել է, որ ռուսական տնտեսությունում ռեցեսիան հաղթահարվել է, սկսվում է աճի փուլը:
«Կավարտվի՞ արդյոք տնտեսական ճգնաժամը: Շատ եմ ցանկանում դրական պատասխանել, բնականաբար, ցանկանում եմ դրական ազդանշան ուղարկել հասարակությանը, միևնույն ժամանակ, միշտ մտածում ես, իսկ եթե հանկարծ մի բան տեղի ունենա, մի տեղ մի բան խափանվի: Բայց մենք բնականաբար նման եզրակացություններ անելիս պետք է հիմնվենք օբյեկտիվ տվյալների վրա՝ ինչ են ասում օբյեկտիվ տվյալները: Դրանք ասում են, որ ռեցեսիան ռուսական տնտեսությունում հաղթահարվել է: Եվ մենք անցել ենք աճի փուլին»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը հավելել է, որ ռուսական տնտեսությունը դեռևս ցույց է տալիս համեստ աճ, սակայն ՀՆԱ-ի աճը դիտարկվում է արդեն երրորդ եռամսյակն անընդմեջ և 2017 թվականի հունվար-ապրիլին կազմել է 0,7 տոկոս:
Ռուսաստանի նախագահը խոստացել է նաև, որ իշխանությունները կփորձեն բարելավել բնակչության կյանքը:
13.02
Մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական «ուղիղ գիծը» ռուսաստանցիների հետ, որի շրջանակում նա կպատասխանի ՌԴ բնակիչների հարցերին:
Փորձագետների կարծիքով՝ դրանց մեծ մասը վերաբերելու է սոցիալական խնդիրներին, առողջապահությանը, աշխատավարձերին, հարցերի մի մասը կարող է նաև կապված լինել սպասվող ընտրությունների հետ:
Սա արդեն 15-րդ «ուղիղ գիծն» է: Բնակիչների հետ շփման այս ձևաչափը սկսել է կիրառվել Պուտինի պաշտոնավարման առաջին ժամկետում: Առաջին «ուղիղ գիծը» տեղի է ունեցել 2001 թվականի դեկտեմբերի 24-ին, 14-րդը՝ 2016 թվականի ապրիլի 14-ին:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ինչպես նախորդ տարիներին, երկրի նախագահն այս տարի նույնպես կպատասխանի երկրի հանրային-քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքին, ինչպես նաև միջազգային իրավիճակին վերաբերող Ռուսաստանի բնակիչներին հետաքրքրող հարցերին:
Այս տարի հարցեր սկսել են ընդունել հունիսի 4-ից: Հաղորդվում է, որ ստացվել է մոտ 1,87 միլիոն հարց:










