ANCA-ն պահանջել է Թրամփի վարչակազմից Էրդողանի թիկնազորի անդամներին օրենքի առաջ կանգնեցնել

10:42 • 16.06.17

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունել է Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերի և ոստիկանապետ Փիթեր Նյուշեմի՝ մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած  էրդողանամետ խմբի 12 անդամի համար ձերբակալության օրդեր տրամադրելու որոշումը:

Այս կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, որն ուժային կառույցների քայլը ողջունելուց բացի՝ կոչ է արել Դոնալդ Թրամփի վարչակազմին գործի անցնել ու պահանջել, որ Թուրքիան դիվանագիտական անձեռնմխելիությունից զրկի այդ մարդկանց:

«Օրենքի ներկայացուցիչներն արեցին իրենց գործը, այժմ Թրամփի վարչակազմի հերթն է գործի անցնելու ու պահանջելու, որ Թուրքիան դիվանագիտական անձեռնմխելիությունից զրկի միջադեպի համար պատասխանատուներին, ու արդյունքում հնարավոր լինի հետաքննություն սկսել և հասնել արդարության»,-նշվում է Համբարյանի հայտարարությունում:

Հայտնի է, որ հունիսի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքապետ Բոուսերը նշել է, որ դատապարտում է հարձակումը, քանի որ այն դեմ է ամերիկյան արժեքներին ու սահմանադրությանը:

Մինչդեռ ոստիկանապետ Նյուշեմն Armenian Weekly-ի լրագրողի հարցին պատասխանելիս ասել է, որ քննիչներն այժմ փորձում են պարզել՝ ինչ դերակատարում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կատարված հարձակման մեջ: 

«Պաշտոնատար անձինք ամեն օր գալիս-գնում են այս քաղաք (Վաշինգտոն): Բայց 28 տարի լինելով ոստիկանական համակարգում՝ երբևէ չէի տեսել այն, ինչ կատարվեց այդ օրը: Նրանք, ովքեր պատրաստվում են մեկ այլ երկրից մեր քաղաք գալ, պետք է իմանան, որ նման պահվածքը Վաշինգտոնը չի հանդուրժի»,-ասել է ոստիկանապետը՝ նկատի ունենալով խաղաղ ցուցարարների վրա Էրդողանի թիկնազորի դաժան հարձակումը:

Մինչդեռ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, ողջունելով ձերբակալության օրդերների տրամադրումը, կոչ է արել Պետքարտուղարությանը կրկնապատկել ջանքերն այդ անձանց օրենքի առաջ կանգնեցնելու համար:

Մեկ այլ բարձրաստիճան կոնգրեսական՝ Ադամ Շիֆը ևս ողջունել է Վաշինգտոնի ոստիկանության որոշումը՝ նշելով, որ այն հստակ «մեսիջ» է ուղարկում Թուրքիայի կառավարությանը:

«Սա կարևոր մեսիջ էր առ այն, որ եթե բռնությունն ու ճնշումները սովորական երևույթ են դարձել Էրդողանի կառավարած Թուրքիայում, ապա դրանք անընդունելի են մեզ մոտ»,-ասել է կոնգրեսականը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, ապա նա նշել է, որ վերջին որոշմամբ իրենք հստակ ասում են Թուրքիային, որ Միացյալ Նահանգները չի հանդուժի անձանց, որոնք խոչընդոտում են ազատ խոսքի ու քաղաքական հայացքների արտահայտման իրավունքներին: Միևնույն ժամանակ, Թիլերսոնը չի մանրամասնել, թե Թրամփի վարչակազմն ինչ քայլերի կդիմի գործի առնչությամբ: Չի բացառվում, որ ԱՄՆ-ն կարող է արգելել միջադեպում ներգրավված անձանց մուտքը երկիր:

Հայտնի է, որ ձերբակալության օրդերների տրամադրումից հետո Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կանչել է ԱՄՆ դեսպան Ջոն Բասին՝ նշելով, որ կայացված որոշումն անընդունելի է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ նյարդայնացած է ԱՄՆ որոշումից՝ մեղադրանք առաջադրել իր թիկնապահներին, որոնք Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան հենց դիմաց ծեծի են ենթարկել խաղաղ ցուցարարներին։

«Նրանք իմ տասներկու թիկնապահներին ձերբակալելու հրաման են արձակել։ Եթե իմ թիկնապահները չեն կարող ինձ պաշտպանել, ապա որպես ինչ եմ ես նրանց ինձ հետ ԱՄՆ տանում»,- ասել է էրդողանը: