ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է ԻՊ-ի առաջնորդի հնարավոր սպանության մասին

11:26 • 16.06.17

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Իբրահիմ Աբու Բաքր ալ-Բաղդադին, նախնական տվյալներով, սպանվել է Սիրիայում ռուսական օդային հարվածի հետևանքով: Այդ մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:


Սու-35 և Սու-34 ինքնաթիռների հարվածը հասցվել է մայիսի վերջին Ռաքքայի հարավային արվարձանում, որտեղ անցկացվում էր ԻՊ-ի առաջնորդների խորհրդակցությունը:


«Տարբեր ալիքներով ստուգվող տեղեկություններով՝ խորհրդակցությանը ներկա է եղել նաև ԻՊ-ի առաջնորդ Իբրահիմ Աբու Բաքր ալ-Բաղդադին, ով հարվածի հետևանքով սպանվել է»,- հայտարարել են ռուս զինվորականները:


Կայքը գրում է, որ վերջին տարիներին պարբերաբար հայտնվել են հաղորդագրություններ ալ-Բաղդադիի մահվան կամ առևանգման մասին, սակայն հետագայում դրանք չեն հաստատվել: Վերջին նման հաղորդագրությունը հայտնվել է ԶԼՄ-ներում հունիսի 11-ին: Այդ ժամանակ բրիտանական Daily Mail-ը, վկայակոչելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը, գրել է, որ ԻՊ-ի առաջնորդը սպանվել է Ռաքքայում օդային հարվածների հետևանքով: