ՀՀԿ-ում դեռ չեն քննարկել Հրազդանի քաղաքապետի որդու ավտովթարի հարցը. Ռուբեն Թադևոսյան

20:00 • 17.06.17

Հայաստանի Հանրապետական կուսակցության Կոտայքի տարածքային կառույցը դեռ չի քննարկել Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդու՝ Ռազմիկ Դանիելյանի կողմից քաղաքապետարանին պատկանող ավտոմեքենայով հետիոտնին վրաերթի ենթարկելու հետ կապված հարցը: Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

«Երբ Կոտայքի տարածքային կառույցը նման քննարկում կունենա, մամուլը այդ մասին կտեղեկանա»,- շեշտեց նա:

Ռուբեն Թադևոսի դիտարկմամբ, եթե քննարկում չի եղել բնական է, ոչ մի որոշում չի կարող կայացվել:

Նշենք, որ Ռուբեն Թադևոսյանն ավելի վաղ ասել էր, որ հարցը կուսակցությունում քննարկվելու է:

Հիշեցնենք, որ 16-ամյա Ռազմիկ Դանիելյանը հունիսի 8-ին Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով Հրազդանի Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 223 շենքի 12 բնակարանի բնակիչ 58-ամյա Վալերի Թորոսյանին և դեպքի վայրից դիմել փախուստի։

Վալերի  Թորոսյանը հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել էր։ Քաղաքապետի անչափահաս որդին դեռևս չունի վարորդական իրավունք: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Քաղաքապետի որդին ստորագրությամբ ազատ է արձակվել: