Սուրճի արտադրությունը կարող է վտանգվել գլոբալ տաքացման հետևանքով

20:05 • 20.06.17

Սուրճի սիրահարներն ապագայում ստիպված կլինեն բախվել որակյալ տեսակների համային փոփոխություններին և թանկացմանը, քանի որ գլոբալ տաքացման հետևանքով կրճատվում են սուրճի հատիկների աճեցման համար պիտանի տարածքները:

BBC-ի փոխանցմամբ` Քյույի թագավորական բուսաբանական այգիների (Մեծ Բրիտանիա) մասնագետները ենթադրում են, որ սուրճի հայրենիք Եթովպիայում, որը նաև Աֆրիկայի խոշորագույն արտահանողն է, գյուղատնտեսական այս մշակաբույսի մշակումը կարող է վտանգի տակ հայտնվել, եթե անհապաղ միջոցառումներ չձեռնարկվեն:

Այս երկրում սուրճի մշակումը ջերմաստիճանի 4 աստիճանով բարձրացման հետևանքով կարող է մինչև հարյուրամյակի վերջ կրճատվել 60 տոկոսով:

Ակնկալվում է, որ սուրճի սպառման մակարդակը երրորդ տարին անընդմեջ կգերազանցի ըմպելիքի արտադրման ծավալները: Այս մասին ասվում է Սուրճի միջազգային կազմակերպության կանխատեսումներում: