Շվեդիայում ոստիկանության անգործության հետևանքով մահացած ՀՀ քաղաքացու գործով դրական առաջընթաց կա․փաստաբան
Շվեդիայում ոստիկանության անգործության հետևանքով մահացած ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանի գործով դրական առաջընթաց կա․այս մասին Tert.am-ին հայտնեց մահացածի իրավահաջորդների փաստաբան Մարկ Սաֆարյանը:
«Հունիսի 19-ին Շվեդիայի արդարադատության կանցլերը պահանջել է, որպեսզի գործը ոստիկանությունը նորից վերանայի, քանի որ մի շարք տարօրինակ հանգամանքներ հիմնովին բացատրության կարիք ունեն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացի 32-ամյա Դավիթ Բարսեղյանը մահացել է Շվեդիայում՝ շվեդական ոստիկանության արհամարհական վերաբերմունքի պատճառով: Դավիթ Բարսեղյանը մեկնել էր Շվեդիայի Օրեբրո քաղաք: Երեկոյան, ընկերների հետ խանութից դուրս գալուց հետո նրա ինքնազգացողությունը վատացել է, ընկերները նստեցրել են մեքենան, որպեսզի տանեն հիվանդանոց, սակայն ոստիկանները կտրել են ճանապարհը և թույլ չեն տվել նրան հասցնել հիվանդանոց։
Ընկերների այն կոչերին, թե իրենց ընկերը լավ չի զգում, ոստիկանները ոչ մի կերպ չեն արձագանքել, նրանց իջեցրել են մեքենայից ու տարել բաժին: Ոստիկանական բաժնում նույնպես նրան օգնություն չի տրամադրվել, բանտախուց են տեղափոխել, որտեղ էլ Դավիթը մահացել է: Նրա և ընկերների դեմ՝ շվեդական իրավապահ մարմիների կողմից հարուցված գործ, ըստ փաստաբանի, չկա: Դավիթ Բարսեղյանը ամուսնացած էր, ուներ 2 անչափահաս որդի՝ 3 և 4 տարեկան:
Վերջին տվյալներով՝ Շվեդիայում ոստիկանների անգործությունից Դավիթ Բարսեղյանի մահվան փաստով քրգործ չի հարուցվել:










