«Ծիրան» սուպերմարկետի վրա զինված հարձակում է տեղի ունեցել. անհայտ անձը փորձել է գումար հափշտակել
Այսօր գիշերը Նոր Նորքում գործող « Ծիրան» սուպերմարկետի վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Անհայտ անձը ցանկացել է գումար տանել:
Հարձակման մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը՝ ասելով, որ ոստիկանությունն ահազանգ ստացել է:
«Հունիսի 26-ին՝ ժամը 03:00-ին զանգահարել և հայտնել են, որ նույն օրը ժամը 02:00-ի սահմաններում դիմակավորված անհայտ անձը մուտք է գործել Գայի պողոտայում գտնվող սուպերմարկետներից մեկը, մոտեցել է դրամարկղին և պահանջել հանել այն»,-ասաց Ջանոյանը:
Նա հայտնեց, որ նշված սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները կանխել են հանցագործությունը, վերցրել են ատրճանակը, որից հետո անհայտ անձը դիմել է փախուստի:
Ոստիկանությունից հայտնեցին, որ ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը ճշտելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:










