Ուկրաինան ենթարկվել է մասշտաբային կիբերհարձակման. հաքերային հարձակման մասին հայտարարել են նաև այլ երկրներում

18:26 • 27.06.17

Մի շարք ուկրաինական բանկեր և ընկերություններ, այդ թվում պետական էլեկտրաբաշխիչ ընկերությունը ենթարկվել են կիբերհարձակման: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Կենտրոնական բանկը հայտնել է, որ հարձակման է ենթարկվել երկրի բանկային համակարգը, ինչի հետևանքով մի շարք բանկերի մոտ խնդիրներ են առաջացել հաճախորդների սպասարկման և բանկային գործարքների իրականացման հետ:

Կենտրոնական բանկը վստահեցրել է, որ Ուկրաինայի ֆինանսական համակարգում միջամտությունը կվերացվի, իսկ կիբերհարձակումների փորձերը կչեզոքացվեն:

Հաքերային հարձակման է ենթարկվել նաև երկրի կառավարությունը: Ինչպես Facebook-ի իր էջում հայտնել է երկրի փոխվարչապետ Պավել Ռոզենկոն, հարձակման են ենթարկվել կառավարության բոլոր համակարգիչները:

Երկրի պետական էլեկտրաբաշխիչ «Ուկրէներգո» ընկերությունը նույնպես հայտարարել է իր IT համակարգի հարձակման ենթարկվելու մասին, բայց հավելել է, որ դա ազդեցություն չի թողել էլեկտրամատակարարման վրա:

Հարձակման է ենթարկվել նաև Կիևի գլխավոր «Բորիսպոլ» օդանավակայանը: Ինչպես հայտնել է օդանավակայանի գլխավոր տնօրեն Եվգեն Դիխնեն, իրավիճակի պատճառով հնարավոր են չվերթների ուշացումներ:

Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով խափանվել է Կիևի մետրոյի աշխատանքը: Ուղևորները չեն կարողանում վճարել իրենց ուղևորությունները բանկային քարտերի միջոցով: Հաղորդվում է նաև, որ երկրի մի շարք բենզալցակայաններ դադարեցրել են սպասարկումը:

BBC-ն հաղորդում է, որ հարձակումը չի սահմանափակվել միայն Ուկրաինայով: Հարձակման են ենթարկվել նաև Ռուսաստանի նավթային, հեռահաղորդակցական և ֆինանսական ընկերությունները, այդ թվում  «Башнефть»-ը և «Роснефть»-ը: Հարձակման մասին են հայտարարել նաև դանիական առաքող «Maersk» ընկերությունը, ինչպես նաև իսպանական մի շարք ընկերություններ: