ՌԴ-ի և Իրանի դեմ պատժամիջոցների մասին Սենատի որոշումը հակասում է ԱՄՆ պարտավորություններին. Իրանի մեջլիսի խոսնակ

10:28 • 27.06.17

ՌԴ-ի և Իրանի քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների մասին ԱՄՆ սենատի որոշումը հակասում է այդ երկրի պարտավորություններին և միջամտություն է պետությունների ներքին գործերին: Այդ մասին հայտարարել է Իրանի մեջլիսի՝ խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին, հայտնում է ТАСС-ը:


«Անկախ պետությունների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները, որոնք սահմանվում են միակողմանի կարգով, միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են: Իրանական և ռուսական կազմակերպությունների ու քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ սենատի որոշումը հակասում է միջազգային իրավունքից բխող ԱՄՆ որոշումներին և պարտավորություններին և միջամտություն է պետությունների ներքին գործերին»,- հայտարարել է Լարիջանին՝ հանդես գալով Սեուլում Եվրասիայի խորհրդարանների խոսնակների խորհրդակցությանը:


Այդ առնչությամբ նա կոչ է արել «ստեղծել մեխանիզմ, որպեսզի տարածաշրջանի երկրների կառավարությունները կանխեն նման կամայական որոշումները»:


Ավելի վաղ ԱՄՆ սենատը ձայների մեծամասնությամբ ընդունել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մասին օրենքի նախագիծը, որի մեջ առանձին փաթեթով ներառված է նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների օրինական ամրապնդման և խստացման վերաբերյալ նախագիծը: