Անի Զախարյանը դատապարտվեց 1.5 ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվի (տեսանյութ)
Երևանի Խորենացի փողոցում անցած տարվա հուլիսի 19-ին ոստիկանության մեքենայի ապակին կոտրելու հրահանգներ տալու մեջ մեղադրվող` Հայաստանի «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը դատապարտվեց 1 տարի 6 ամիս ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվի, դրա փոխարեն սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով:
Դատավճիռը հրապարակվեց Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի կողմից. «Անի Զախարյանին ճանաչել մեղավոր ՀՀ ՔՕ-ի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ։ ՀՀ ՔՕ-ի 70-րդ հոդվածի կիրառմամբ Անի Զախարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 2 տարի ժամկետով։ Չհեռանալու մասին ստորագրությունը թողնել ուժի մեջ մինչև սույն վճռի ուժի մեջ մտնելը»։
Նշենք, որ դատախազը պահանջել էր 3 տարվա պայմանական ազատազրկման դատապարտել Անի Զախարյանին. «Միջնորդում եմ դատապարտել 3 տարվա ազատազրկման, սակայն, կիրառելով 70-րդ հոդվածը՝ պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 4 տարվա ժամկետով»:
Անի Զախարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն դրդելը, որը կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավորի կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ:










