Մերկելը նախազգուշացում է հղել Թրամփին G20 գագաթնաժողովից առաջ

16:42 • 30.06.17

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է պայքարել ազատ առևտրի համար և պնդել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի համար բազմակողմանի ջանքերի հարցում հաջորդ շաբաթ Համբուրգում կայանալիք G20 գագաթնաժողովի ժամանակ, հայտնում է Reuters գործակալությունը:


Խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Մերկելը չի նշել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը, բայց շեշտել է, որ համաշխարհային խնդիրները չեն կարող լուծվել պրոտեկցիոնիզմով և մեկուսացմամբ:


Նրա խոսքերը մեծացրել են գագաթնաժողովին Թրամփի հետ բաց առճակատման հավանականությունը:


«Հեշտ բանակցություններ չեն լինելու: Տարբերություններն ակնհայտ են, և սխալ կլինի ձևացնել, թե դրանք չկան: Ես դա չեմ անի»,- ասել է Մերկելը:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հունիսի 1-ին ելույթ ունենալով Սպիտակ տանը, հայտարարել էր Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշման մասին:


Փարիզյան համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի դեկտեմբերին, որի 195 մասնակիցները պայմանավորվել են թույլ չտալ մոլորակի վրա միջին ջերմաստիճանի բարձրացումն ավելի քան 2 աստիճանով: