Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ամսաթիվը. «ՌԻԱ Նովոստի»

14:55 • 30.06.17

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին ավստրիական Մաուերբախ քաղաքում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է  դիվանագիտական շրջանակներում աղբյուրը:


«Երկրների արտգործնախարարներին առաջարկվել է հանդիպել ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում, որը տեղի է ունենալու հուլիսի 11-ին ավստրիական Մաուերբախում: Սպասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով միջնորդները նույնպես կմասնակցեն հանդիպմանը»,- ասել է գործակալության զրուցակիցը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱԺ-ում լրագրողների հետ կարճ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով երկու երկրների արտգործնախարարների մակարդակով հնարավոր հանդիպման վերաբերյալ լրագրողների հարցին, հայտարարել է, որ հուլիսին հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի արտգործանախարների հանդիպում տեղի ունենա:


Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևն էլ հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման շուրջ առարկայական բանակցությունների: