Արցախի 3 կուսակցություններ Բակո Սահակյանին առաջադրում են անցումային փուլի նախագահի թեկնածու
Լեռնային Ղարաբաղի «Ազատ Հայրենիք» կուսակցության կենտրոնական խորհուրդը միաձայն որոշել է նախագահի թեկնածու առաջադրել գործող նախագահ Բակո Սահակյանին:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը՝ նշելով, որ խորհրդի կազմում 77 հոգի միաձայն քվեարկել է Բակո Սահակյանի թեկնածության օգտին:
«Մենք այլ թեկնածություն չենք քննարկել: 77 հոգանոց կազմը քվեարկել է, որ Բակո Սահակյանի թեկնածությունն առաջադրենք որպես նախագահի»,- ասաց Թովմասյանը:
Հիշեցնենք, որ մոտ 3 շաբաթից ԼՂ խորհրդարանն ընտրելու է անցումային շրջանի նախագահին: Փետրվարի 20-ին անցկացված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում Ղարաբաղում հաստատվեց կառավարման լիարժեք նախագահական համակարգ: Նոր Սահմանադրությամբ՝ առաջիկա երեք տարիներին՝ մինչև 2020 թվականը, Ղարաբաղը կկառավարվի անցումային փուլի ռեժիմով: Այդ փուլում կպաշտոնավարի խորհրդարանի կողմից ընտրված նախագահը:
Նա նշեց, որ թեկնածությանը սատարում են իշխող կոալիցիայի մաս կազմող «Արցախի ժողովրդավարական կուսակցությունն» ու Հայ Յեղափոխական Դաշնակցությունը:
Թե ինչո՞ւ որոշվեց կրկին առաջադրել Բակո Սահակյանին, Արթուր Թովմասյանն այսպես արձագանքեց. «Նա ամենալավագույնն է՝ մարդկային, քաղաքական և բոլոր առումներով: Նրանից դժգոհություն չունենք: Նման նախագահ, ես կցանկանայի, որ ճանաչված երկրները ունենային»:
Նշենք, որ ընթացակարգով պայմանավորված՝ 3 կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունները թեկնածուին առաջադրելու են Ազգային ժողովի նիստում, որտեղ էլ քվեարկությամբ հաստատելու են թեկնածությունը: Խորհրդարանական 3 ուժերը Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովում մեծամասնություն են կազմում:










