Քաթարի արտգործնախարարը փոխանցել է արաբական երկրների պահանջների պատասխանը

16:01 • 03.07.17

Քաթարի արտգործնախարար Մուհամադ բեն Աբդուլրահման Ալ Թանին փոխանցել է Դոհայի հետ հարաբերությունները խզած արաբական երկրների պահանջների պատասխանը: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրին: Ավելի վաղ հաղորդվել է, որ Քաթարի արտգործնախարարը ժամանել է ճգնաժամում որպես միջնորդ հանդես եկող Քուվեյթ՝ պատասխանը փոխանցելու համար:


Փաստաթղթի բովանդակությունը չի հաղորդվում:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը երկարաձգել են Քաթարին ներկայացված վերջնաժամկետի գործողությունը 48 ժամով: Վերջնաժամկետի գործողության ժամկետը լրացել է կիրակի երեկոյան:


Արաբական 4 երկիր՝ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Բահրեյնը, Քաթարին է ներկայացրել 13 պահանջից բաղկացած ցանկ՝ պահանջելով խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, փակել թուրքական ռազմաբազան, խզել բոլոր կապերը «Մուսուլման եղբայրների» հետ, ինչպես նաև փակել «Ալ-Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքը: Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում վերանայել Քաթարում իր ռազմաբազայի տեղակայման հարցը, իսկ այն փակելու ցանկացած պահանջ կհամարվի Քաթարի հետ Անկարայի հարաբերություններին միջամտություն:


Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ և դադարեցրել են Քաթարի հետ բոլոր տեսակի կապերը՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու և նրանց ներքին գործերին միջամտելու համար: Ավելի ուշ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին են նաև հայտարարել Մալդիվները, Մավրիկիան, Մավրիտանիան: Հորդանանը և Ջիբութին նվազեցրել են Քաթարում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը: Արդյունքում՝ Քաթարի շրջափակմանը չի միացել Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի մեջ մտնող միայն երկու պետություն՝ Քուվեյթը և Օմանը: Սենեգալը, Նիգերը և Չադը հայտարարել են դեսպաններին հետ կանչելու մասին: