Շատերը կոմֆորտ վիճակում սուր են ճոճում՝ունենալով իշխանությունների աջակցությունը. Արմեն Մարտիրոսյան

21:36 • 05.07.17

Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ երազ կտեսնի , դա այդքան էլ կարևոր չէ, ժամանակները փոխվում են, մարդիկ փոխվում են, տարբեր հարցեր են ունենում, այդ հարցերի շրջանակում գործում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝անդրադառնալով «Ելք»-ի անդամների կողմից «Ժառանգության» հասցեին ուղղված հայտարարություններին, երեկ էլ ԱԺ «Ելք»  խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանը վատ երազ է տեսել «Ելքի» կնքահայրը լինելու մասին:

«Պատմությունը ցույց է տվել, որ  Րաֆֆի Հովհաննիսյանը պայքարի կողմնակից է եղել, անկախ նրանից թե տարբեր մարդիկ ինչ գործողություններ են իրականացրել,պատմությունը ցույց է տվել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ մեկից աջակցությունը չի ստացել, մինչդեռ տարբեր մարդիկ են Րաֆֆի Հովհաննիսյանը աջակցությունը ստացել, պատմությունը ցույց է տալիս , որ իրենք են խնդրել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած միջոցառման ժամանակ թեկուզ 1 րոպեով խոսք ասեն , բայց երբեք Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ մեկի միջոցառմանը խոսք ասելու խնդրանք չի ունեցել: Եվ այն ինչ-որ Րաֆֆի Հովհաննիսյանը 90-ականներից իրականացնում է Հայաստանում, դա շարունակվում է , մնացածը  եկել գնացել են: Կոմֆորտիզմը Հայաստանում շատ տարածված երևույթ  է, շատերն են կոմֆորտ վիճակում, ունենալով իշխանությունների աջակցությունը, շարունակում սուրեր ճոճել, բայց Գեղամյանի և մնացած օրինակները եկել և անցել են»,-շեշտեց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդեն իսկ ինչ-որ ուժերի հետ քննարկումներ  Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկած «թավշյա հեղափոխության» շուրջ, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ դրական և  բացասական տեսակետներ մամուլի միջոցով լսել են տարբեր քաղաքական ուժերից:

«Սա մեր խնդիրը չէ, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ այդ մասին ասաց , միայն «Ժառանգության» խնդիրը չէ, սա բոլորի խնդիրն է, մենք ասում ենք սա պետք է, եթե կան ցանկացողներ մենք պատրաստ ենք նրանց հետ պայքարել »,-շեշտեց նա:

Անդրադառնալով հարցին, թե նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ևս թավշյա հեղափոխության կողմնակից են, Արմեն Մարտիրոսյանը ասաց.«Իրենց պետք է հարցը տալ, բայց Սեյրան Օհանյանը իր խոսքում էլ ասաց՝ ներկա իրավիճակից գոհ չէ»,-ընդգծեց նա:

Ըստ նրա՝ հեղափոխությունները աշխարհում  կիրառվող թռիչքաձև զարգացման ձևեր են:

«Թավշյա հեղափոխությամբ ոչ թե զենքի կիրառումն է խրախուսվում, այլ քաղաքացիների խաղաղ անհնազանդության իրավունքը՝ իրականացվում են ցույցեր, պիկետներ, գործադուլներ , բազմազան այլ ձևերով իշխանություններին պարալիզացնում են»,-ընդգծեց նա:

Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ ցանկացած հեղափոխությունից հետո իրավիճակը կարգավորվում է  ընտրական համակարգի միջոցով, որը Հայաստանում այս պահին չի գործում: Իշխանափոխության ընտրությունների միջոցով հասնել չի հաջողվում, քանի որ կեղծ ընդդիմություն են ստեղծում,  մանիպուլյացիոն  գործընթացներ են իրականացվում, վարչական ռեսուրս է կիրառվում, պսևդո համամասնական համակարգ է ներդրվում, հազարավոր բացակայող քաղաքացիներ քվեարկում են, միակուսակցական համակարգ է, կուսակցություններ, ըստ էության, գոյություն չունեն, բացի Դաշնակցությունից, չնայած այն էլ տարիների ընթացում իշխանությունների հետ համագործակցությամբ ձևախեղվել է, կուսակցական ամրությունը  հեռացել է»,-ասաց բա:

 

Շատերը կոմֆորտ վիճակում սուր են ճոճում՝ունենալով իշխանությունների աջակցությունը. Արմեն Մարտիրոսյան