Գերմանիայում բացահայտվել է թուրք լրտես, ով մահափորձեր է նախապատրաստել քուրդ քաղաքական գործիչների դեմ. լրատվամիջոցներ

17:03 • 05.07.17

Գերմանիայում բացահայտվել է ևս մեկ թուրք լրտես, ով մահափորձեր է նախապատրաստել Եվրոպայում գտնվող քուրդ քաղաքական գործիչների դեմ, այս մասին գրում է ANF գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ Մուսթաֆա Ք. անունով լրտեսը պարբերաբար կապ է հաստատել Թուրքիայի հետախուզական կոմիտեի հետ, նրա ձեռքին հայտնաբերվել է մահափորձեի մի ամբողջ ցուցակ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից, սակայն, Մուսթաֆա Ք.-ի ձերբակալության վերաբերյալ որևէ տեղեկություն դեռևս չի տարածվել: 
 
Գործակալությունը նաև հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երկրի թշնամիներին աշխարհի ցանկացած ծայրում գտնելու կոչերից հետո թուրք լրտեսների հետ կապված դեպքերը Եվրոպայում առավել հաճախ են սկսել հանդիպել:

Ամիսներ առաջ Ավստրիայի Կանաչների կուսակցության պատգամավոր Պետեր Փիլզը հայտարարել է, որ Վիեննայում գտնվող Թուրքիայի դեսպանատան միջնորդությամբ Թուրքիան Ավստրիայում հետախուզական ցանց է հիմնել։ Նա նշել է, որ Թուրքիան Ավստրիա ուղարկած մահմեդական հոգևորականների միջոցով փորձում է «որսալ» Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման անդամներին:

Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ Թուրքիայի կրոնական հարցերով վարչության (Diyanet) անդամ 38 իմամ տարբեր երկրներում լրտեսությամբ է զբաղվում: