Վրաստանի քաղաքացի՝ հայկական վարորդական իրավունք ունեցողների 500 լարի տուգանքները չեղարկվել են ՆԳ նախարարի հրամանով

16:16 • 06.07.17

Հուլիսի 5-ին Հայաստան-Վրաստան սահմանի Նինոծմինդա անցակետում ազգությամբ հայ, սակայն Վրաստանի քաղաքացի հանդիսացող մոտ 20 վարորդ հայկական վարորդական իրավունքով երթևեկելու համար տուգանվել էր 500 լարիով (100 հազ. դրամ): Այսօր տուգանքները չեղյալ են հայտարարվել Ներքին գործերի նախարարի հրամանով:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավար Գագիկ Կարսլյանը:

«Երեկ մոտ քսան վարորդ տուգանվել էր Ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից 500 լարիով: Տուգանվել էին այն վարորդները, ովքեր հանդիսանում էին Վրաստանի քաղաքացիներ, սակայն ունեն Հայաստանի Հանրապետության կողմից տրված վարորդական իրավունքներ»,-ասաց Կարսլյանը:

Մունիցիպալիտետի ղեկավարն ասաց, որ հարցը բարձրաձայնվել է և այդ մասին տեղեկացվել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին:

«Վրաստանի խորհրդարանի պատգամավորները հարցը փոխանցել են Ներքին գործերի նախարարին, ով անմիջապես հրաման է տվել չեղարկել տուգանքները և ասել է, որ ամեն ինչ առայժմ կմնա նույնը, իսկ տուգանքները կչեղարկվեն»:

Կարսլյանը հայտնեց, որ հրամանն արդեն ուժի մեջ պետք է լինի, իսկ համապատասխան հանձնախմբերն այդ մասին տեղեկացվել են:

 

Վրաստանի քաղաքացի՝ հայկական վարորդական իրավունք ունեցողների 500 լարի տուգանքները չեղարկվել են ՆԳ նախարարի հրամանով