Սեփական բնակչությանը որպես վահան օգտագործելը ԻՊ-ին բնորոշ քայլ է, որից չի խորշում Ադրբեջանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

13:36 • 06.07.17

Սահմանային վերջին միջադեպի հետ կապված ադրբեջանական «բողոքի ակցիաները» Ուկրաինայում տապալվել են, իսկ ԱՄՆ-ում, ինչպես երևում էր լուսանկարներից՝ Վաշինգթոնում ՀՀ դեսպանատան առջև հավաքված է եղել 5 հոգի՝ մեկ ընտանիք, որից 2-ը երեխաներ են: Այսինքն՝ նման ցույցեր անելու ինքնաբուխ հանրային պահանջ դեռևս չկա Ադրբեջանում, քանի որ նրանք, ապրելով իրենց տներում, տեսնում են, որ իրենց բակից կրակում են հակառակորդի ուղղությամբ, և, բնականաբար, պատասխանն էլ գալու է իրենց տուն:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Ապրիլին մենք ունեցել ենք քաղաքացիական շրջանում երեխայի մահ, բայց մենք երբեք դիակը չեն սարքել շահարկման առարկա»,- ասաց նա՝ անդրադառնալով վերջին օրերին սահմանային միջադեպին, 2 տարեկան երեխայի մահվան հետևանքով առաջացած նոր իրավիճակին և Ադրբեջանի բարձրացրած աղմուկին:

Հիշեցնենք, որ երեկ ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Թշնամի երեխա չի լինում, առավել ևս… երկու տարեկան, բայց լինում են դեպքեր, երբ վախկոտ անգլուխների մեղքով երեխա է զոհվում: Այդպես եղավ հուլիսի 4-ի երեկոյան, երբ խաղաղ բնակչության թիկունքում թաքնված ադրբեջանական «հզոր» բանակի ասկյարը, հայկական ուժերի դեմ կիրառելով ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, թիրախավորեց ոչ այլ ում, քան հենց երկու տարեկան աղջնակին… Ի տարբերություն նեոլիթյան մտածողությամբ մեր հարևանների, մենք ստիպված ենք ցավով արձանագրել այս փաստը և ափսոսանք հայտնել:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ սեփական բնակչությանը որպես վահան օգտագործելը «Իսլամական պետությանը» բնորոշ քայլ է, որից չի խորշում Ադրբեջանը:  Նա ավելի քան վստահ է, որ եթե Ադրբեջանի Զինված ուժերը շարունակեն թաքնվել խաղաղ բնակչության հետևում, պատասխանը նույնքան հետևողական է լինելու։

Ըստ բանախոսի՝ Ադրբեջանը նպատակադրված գնում է սպանությունների, անգամ իր և անգամ՝ երեխաների՝ փորձելով քաղաքական իրավիճակ փոխել բանակցությունների սեղանին և գոնե հասնել նրան, որ 2016 թվականի ապրիլյան ձախողումը որպես գործոն չաշխատի Ադրբեջանի դեմ: Այսինքն՝ բանակցային գործընթացը սկսել իրենց համար նախընտրելի դիրքերից:

Քաղաքագետի գնահատմամբ՝ Ադրբեջանը, լավ հասկանալով, որ հայկական զինուժը լռեցնում է իրենց կրակը, ամեն ինչ արեցին, որ աղմուկը հնարավորինս բարձր լինի:

«Կրակ են բացել մեր դիրքերի վրա իրենց ադրբեջանական բնակավայրերից և, բնականաբար, պատասխան կրակի արդյունքում հնարավոր չէր լինի խուսափել քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներից և զոհերից, ինչը և տեղի ունեցավ»,-Հրանտ Մելիք Շահնազարյանը կրկնեց պաշտոնական Ստեփանակերտի ու Երևանի՝ ավելի վաղ հայտնած որոշումը:

Անդրադառնալով սահմանային վերջին միջադեպից հետո սրված իրավիճակին՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց. «Այսօր զարգացումները տանում են նրան, և ՄԽ հայտարարությունն էլ ցույց է տալիս, որ կրկին հստակ դատապարտում չկա խաղաղ բնակչությունը որպես վահան օգտագործելու Ադրբեջանի այդ մարտավարությանը։ Սա նշանակում է, որ առաջիկայում անվտանգության հետ առնչվող ցանկացած հարց դարձյալ մնում է հայկական Զինված ուժերի ուսերին, և Ադրբեջանի դիվանագիտական զսպման ոչ մի մեխանիզմ ոչ միայն չի աշխատելու, այլև որևէ փորձ անգամ չի արվում»:

G 20-ի առաջնորդների և հատկապես Պուտին-Թրամփ առաջիկա հանդիպման նախօրյակին Ադրբեջանի նման քարոզչությունը, ըստ քաղաքագետի, մեկ նպատակ է հետապնդում՝ ցույց տալ, որ այստեղ կա ռեալ կոնֆլիկտ և հասնել նրան, որ միջազգային հանրությունը, ահաբեկվելով այս սպանությունների հեռանկարներից, ավելի պրոադրբեջանական դիրքորոշում ունենա։

Արդյո՞ք այս իրավիճակը բերելու է պատերազմական գործողությունների: Այս մասին հարցին ի պատասխան քաղաքագետը կանխատեսեց. «Ես արդեն ասացի, որ երեխայի դին ցուցադրելով՝ մեծ թշնամանք են սերմանում իրենց հասարակության շրջանում և նաև նպաստում են պատասխան ռևանշիստական ինչ-որ քայլեր ձեռնարկելու հասարակական տրամադրությունների ու պահանջի աճին»:

Ւսկ իրենց կողմից հետագա ագրեսիան ձևակերպվելու է այդ հասարակական պահանջարկով և «անվտանգության» միջոցներ ձեռնարկելու «անհրաժեշտությամբ»:

Այդքանով հանդերձ, Հրանտ Մելիք-Շահնազարյանը համոզված է, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսելու և առավել ևս հաջողության հասնելու ռեսուրս չունի: Դրա համար պատերազմը փոխարինում են իրենց համար զգացմունքային ֆոնով ուղեկցվող պատերազմի իմիտացիայով, միջազգային հանրության մոտ նման իմիտացիա ստեղծելով:

Այսինքն՝ ամեն ինչ կսահմանափակվի տեղային բախումներով:

Թեպետ, մյուս կողմից, Հրանտ Մելիք-Շահնազարյանը չի բացառում, որ եթե հասարակության պահանջարկը ավելանա, լավ իմանալով, որ չեն հաջողելու, դիմեն նման քայլի՝ ցույց տալու, որ հետևողական են:

Սեփական բնակչությանը որպես վահան օգտագործելը ԻՊ-ին բնորոշ քայլ է, որից չի խորշում Ադրբեջանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան