Մենք հասկանում ենք, որ հայկական այբուբենը շատ ավելի հին է, քան կիրիլիցան․ Տատյանա Վալովայան՝ Թևան Պողոսյանին
Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության երկու տարիները ամփոփող քննարկմանը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը քննադատեց քննարկման կազմակերպիչներին՝ հայերենից ռուսերեն և հակառակը թարգմանություն չապահովելու համար։ Նա նշեց, որ Հայաստանի պետական լեզուն հայերենն է, լավ կլիներ, որ հայ բանախոսները հայերենով ելույթ ունենային:
«Կարծում եմ, որ խորհրդարանում մեր կոլեգաները շատ ուրախ կլինեն, որ 2018 թվականի բյուջեով նմանատիպ միջոցառումների անցկացման համար գումար նախատեսվի»,- ասաց նա:
Թևան Պողոսյանը իր ելույթում քննադատեց նաև ԵԱՏՄ-ի քաղաքականությունը, նշեց, որ պետք է քննարկումներ լինեն, թե ինչ բացթողումներ կան: Դրա համար, ըստ նրա, ԵԱՏՄ-ն պետք է ուսումնասիրի գոնե մամուլում եղած արձագանքներն իր մասին:
Թևան Պողոսյանը մատնանշեց, որ Հայաստանում հատկապես շատ քննարկվեց ՌԴ կրթության և գիտության նախարարի դիտարկումը, թե միասնական այբուբենը՝ կիլիրիցան, պետք է օգտագործվի ԱՊՀ երկրներում: Թևան Պողոսյանը նաև ասաց, որ վերջին շրջանում հայ հասարակությունը քննադատում էր նաև ՌԴ-ի կողմից արտասահմանյան վարորդական իրավունքների արգելքը: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն պետք է ի սկզբանե զբաղվեր այդ խնդրով՝ ուսումնասիրելով ԵԱՏՄ անդամ երկրների այն օրենքները, որոնք կարող են ինչ-որ կերպով չհամապատասխանել ԵԱՏՄ-ի սկզբունքներին:
«Մենք ստեղծել ենք միություն: Այնտեղ կա ինստիտուտ, դրա գոյության համար բոլոր երկրները վճարում են իրենց հարկերից ինչ-որ մաս»,- ասաց նա:
Նա ընդգծեց, որ հայկական մամուլում ԵԱՏՄ-ի մասին կարծիքներն առավել շատ բացասական են, և «հաջող պատմություններ» չկան, ինչի մասին պետք է մտածել:
Պատասխանելով Թևան Պողոսյանի դիտարկումներին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան նշեց, որ իրենք ստեղծել են տեղեկատվական պորտալ, որի միջոցով իրենք ստանում են արձագանքներ ԵԱՏՄ-ի վերաբերյալ, ինչպես բիզնես կազմակերպություններից, այնպես էլ հասակակական կազմակերպություններից: Այստեղ է, որ, ըստ նրա, պետք է հասարակական կազմակերպություններն աշխատեին մարդկանց շրջանում բացատրական աշխատանքներ տանելու ուղղությամբ:
Անդրադառնալով ԱՊՀ երկրներում կիրիլիցային անդրադառնալու մասին քննարկումներին՝ նա ասաց. «Ես չգիտեմ, թե դա ով է ասել, բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, որ հայկական այբուբենը շատ ավելի հին է, քան կիրիլիցան»:
Տատյանա Վալովայան անպատասխան չթողեց նաև Թևան Պողոսյանի նկատառումը՝ քննարկումը հայերեն լեզվով անցկացնելու մասին:
«Մենք ռուսերեն ենք անցկացնում քննարկումը ոչ թե նրա համար, որ չենք հարգում «Լեզվի մասին» օրենքը: Ես ինքս էլ շատ ֆորումներին ելույթ եմ ունենում անգլերեն լեզվով, որպեսզի խուսափեմ թարգմանության սխալներից»,- ասաց նա՝ նշելով, որ դիտարկումն ամեն դեպքում նկատի կունենան:










