Օգոստոսի 1-ից գրեթե 50 %-ով կթանկանա կարմիր գծերում SMS հաղորդագրությամբ կայանման վճարը

17:49 • 07.07.17

Լուսանկարը՝ Sputnik Armenia-ի


«Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն օգոստոսի 1-ից թանկացնում է ավտոմեքենաների կայանման վճարները:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի տեղեկատվություն տրամադրող օպերատորներից մեկը: Թանկացման որոշման մասին տեղեկանում ենք նաև «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

«2017 թվականի օգոստոսի 1-ից 1045 համարին SMS հաղորդագրության ուղարկելիս բաժանորդներից որպես ավտոկայանատեղի վճար գանձվելու է 149 դրամ գումար, որից 100 դրամն ավտոկայանատեղի վճարն է լինելու, իսկ 24.8 դրամը միջնորդավճարն է, 24.2 դրամն՝ ԱԱՀ-ն»,-ասաց ընկերության աշխատակիցը՝ հավելելով, որ նախկինում գանձվում էր 100 դրամ:

Բացի ժամավճարից, «Փարկինգ սիթի սերվիս»-ը գրեթե 50 տոկոսով՝ 248 դրամով թանկացնում է նաև ավտոկայանատեղիի օրական վճարը: Նախկին 500 դրամի փոխարեն օգոստոսի մեկից գանձվելու է 748 դրամ. «5045 համարին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճար կատարելիս բաժանորդից կգանձվի 748 դրամ գումար, որից 500 դրամը՝ ավտոկայանատեղի վճար, 124.6 դրամը՝ միջնորդավճար, 123.4 դրամը՝ ԱԱՀ»:

Tert.am-ի դիտարկմանը, թե թանկացումն ինչո՞վ է պայմանավորված, նախկինում չկա՞ր միջնորդավճար և ավելացված արժեքի հարկ, «Փարկինգ սիթի սերվիս»-ից պատասխանեցին, որ նախկինում չի եղել. «Հիմա է այդպես եղել, կոնկրետ ինչ-որ պատճառ չկա, օգոստոսի 1-ից այդ գներն են գործելու»:

Ընկերությունից հայտնեցին, որ ավտոկայանատեղի վճարը առանց միջնորդավճարի վճարելու համար պետք է օգտվել վճարովի կայանատեղերին կից վճարահաշվարկային տերմինալներից, այդ դեպքում վճարման չափը չի փոխվում:

Հարցին,թե տարեկան վճարն է՞լ է թանկանում ,ընկեությունից հայտնեցին,որ այս պահի դրությամբ SMS հաղորդագրություն ուղարկելու դեպքում թանկացել է ժամավճարն ու օրվա վճարը։


Նշենք,որ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի100% բաժնեմասը 2016 թվականի դեկտեմբերից պատկանում է Երևանի քաղաքապետարանին։

Օգոստոսի 1-ից գրեթե 50 %-ով կթանկանա կարմիր գծերում SMS հաղորդագրությամբ կայանման վճարը