20 դրամով չկարողանալով իրացնել վարունգը` արևիկցիներն այն լցրել են աղբանոց (տեսանյութ)

16:09 • 08.07.17

Արմավիրի մարզի Արևիկ գյուղի տնտեսվարողները, չկարողանալով իրացնել իրենց վարունգը, այն լցրել են աղբանոցը: Գյուղացիների խոսքով՝ իրենք «Նազրվան» տեսակի վարունգը չեն կարողացել վաճառել անգամ 20 դրամով, չնայած, որ խանութներում և սուպերմարկետներում այն վաճառվում է նվազագույնը 200-250 դրամով՝ տասնապատիկ ավելի:

«Տանում ենք շուկա, առնողը գալիս է, ասում՝ 20 դրամով կտա՞ս, տալիս ենք, գնում պտտվում գալիս է՝ 10 դրամով կտա՞ս: Մարդիկ էլ ջղայնանում են, մտածում են՝ ավելի լավ է բերեմ գցեմ զիբիլը, քան 10 դրամով վաճառեմ: 10 դրամով կարելի՞ է, արժե՞»,- նշեց Արևիկ գյուղի բնակիչ Շիրին Ալոյանը՝ հավելելով, որ վարունգն առնվազն 70-80 դրամով պետք է վաճառվի, որ գյուղացին օգուտ ունենա:

Նա հայտնեց, որ գյուղացիները մեկ անգամ շուկայում փորձել են վաճառել վարունգը, բայց գնորդ չկա։ «Եթե ծախվեր ինչի համար են աղբանոց բերելու»,- ասաց նա: Ըստ նրա՝ միայն վարունգի դեպքում չէ, որ սպառում չկա: Շատ տեսակի արտադրանքներ՝ սմբուկը, դդմիկը, կարտոֆիլը, չվաճառվելուց հետո նույնպես հայտնվում են աղբանոցում: Ալոյանը նշում է, որ այսպիսի դեպքերը ամեն տարի կրկնվում են, բայց խնդրին լուծում չի տրվում:

«Գյուղացին տանջվում է, բերքը բերում է հասցնում իր նպատակին, վերջում այսպես է լինում: Արդյունք չկա, գյուղացու աշխատածի արդյունքը գտնվում է այս աղբանոցում: Մարդիկ ահագին ծախսեր են արել, գնացել են պարտքով 200-300 հազար դրամի ցելոֆան են բերել, որ բերքը հասցնեն նպատակին, բայց վերջը սենց է լինում: Մարդն ինչքա՞ն աշխատի, որ տանի պարտքերը տանի փակի»,- նշեց Շիրին Ալոյանը:

Նրա խոսքով՝ մթերողներն ընդհանրապես գյուղացուց վարունգ չեն վերցրել: Այլ տեսակի պտուղ-բանջարեղենի համար մթերում կա, բայց վարունգի մասով այս տարի դեռ չի եղել:

Գյուղի մեկ այլ բնակիչ Սերյոժա Ալեքսանյանն էլ ասաց, որ այսպիսի իրավիճակի ստեղծման պատճառներն են շուկայի լճացումը և վերամշակման գործարանների կողմից արտադրանքը չընդունելը:

«Գյուղացին քրտնաջան աշխատանքով արտադրում է, չի կարողանում իրացնել և մնում է պարտքերի տակ: Այս իրավիճակում միակ լուծումը պետական մակարդակով մոտեցումն է՝ թե՛ տեղական մարմինների, թե՛ հանրապետության մասշտաբով»,- ասաց նա:

Արևիկի գյուղապետարանի աշխատակից  Յուրի Գրիգորյանի տեղեկացմամբ՝ վարունգը միայն աղբանոցում չէ թափված, նման տեսարանի կարելի ականատես լինել ճանապարհներին, դաշտերում:

«Շուկա են տանում չի վաճառվում, ի՞նչ անեն: 20 դրամով ինչքա՞ն վաճառի, ինչքա՞ն բերք ունենա, որ կարողանա վարկերը փակել: Այսօր հող մշակելը, գյուղատնտեսությունը ժողովրդից մինուս է տանում: Այսքան տանջվում են, չեն կարողանում արդյունքի հասնել»,- նշեց Գրիգորյանը:


Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

20 դրամով չկարողանալով իրացնել վարունգը` արևիկցիներն այն լցրել են աղբանոց (տեսանյութ)