Գևորգ Սաֆարյանն արդեն 9 օր պատժախցում է, ըստ զեկուցագրի՝ իշխանություններին հայհոյելու համար

12:53 • 10.07.17

Ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը, ով Ժիրայր Սեֆիլյանի գործով ամբաստանյալ է, հուլիսի 1-ին տեղափոխվել է պատժախուց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Տիգրան Հայրապետյանը։

«Նա արդեն ինը օր է՝ գտնվում է պատԺախցում այն զեկուցագրի հիման վրա, թե իբր հայհոյել է իշխանություններին»,– ասաց նա:

Նշենք, որ Սաֆարյանի պաշտպաններից Տիգրան Եգորյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել և հայտել, որ Գևորգ Սաֆարյանին 10 օրով տեղափոխում են պատժախուց:


«Գևորգի նկատմամբ «Նուբարաշեն » քրեակատարողական հիմնարկում, որևէ ուժի կիրառում կամ հոգեբանական կամ այլ ճնշում չի կիրառվել, բացի պատժախուց տեղափոխելուց:

Պատճառը եղել է տխրահռչակ փոխգնդապետ Արմեն Ղազարյանի զեկուցագիրն այն մասին, թե իբր Գևորգը դատարանում հայհոյել է ոստիկաններին և իշխանությանը (ըստ Գևորգի փոխանցման): Գևորգին պատժախուց են տեղափոխել 10 օրով»,– ավելացրեց նա:


Պաշտպանը նաև հայտնել է, որ Գևորգի հետ տեսակցության ընթացքում արձանագրվել է իր հայտարարությունը մանրամասն նկարագրությամբ տեղի ունեցածի մասին, ինչի կապակցությամբ մանրամասները կհրապարակվեն առաջիկայում, իսկ այժմ կատարվում են աշխատանքներ նրա իրավունքների խախտման կապակցությամբ պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:


Նշենք, որ Սեֆիլյանի և մյուսների գործով անցնող Գևորգ Սաֆարյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասի արարք կատարելու մեջ, այն է՝  զանգվածային անկարգությունների հանցավոր նախապատրաստությունը: