Թուրքիայի քրդամետների կուսակցությունը բողոք է ներկայացրել դատարան Էրդողանի դեմ

18:18 • 10.07.17

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները բողոք են ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը։

Անկարայի հանրապետական դատախազություն ներկայացրած բողոքը քրդամետները ներկայացրել են իրենց կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշի հասցեին հնչած վիրավորանքի համար։

Հիշեցնենք, որ Էրդողանն օրեր առաջ G-20 գագաթնաժողովի իր ելույթում ահաբեկիչ էր անվանել քրդամետ կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշին։

Ժողովրդադեմոկրատականները շեշտել են, որ Դեմիրթաշը, ով Էրդողանի ռեժիմի բռնաճնշման հետևանքով անցյալ տարվանից գտնվում է անազատության մեջ, ոչ թե ահաբեկիչ է, այլ ավելի քան 6 մլն ընտրողի ներկայացուցիչը, այդ ժողովրդի հույսն ու նրանց ներկայացուցիչը, ով լիիրավ արժանի է լինել երկրի նախագահի թեկնածու։

Վիրավորական արտահատություններ կիրառելու, ժողովրդի մեջ քեն և ատելություն սերմանելու համար քրդամետները պահանջում են հատուկ հետաքննություն սկսել երկրի նախագահի դեմ։

Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:

Դեռևս մայիսին Թուրքիայի խորհրդարանական սահմանադրական հանձնաժողովն ընդունել է Ժողովրդադեմոկրատական կուսակցության խմբակցության մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշում:

Այժմ մի շարք պատգամավորների անձեռնմխելիության մասին օրենքը, որն ամրագրված էր Սահմանադրության 83-րդ հոդվածով և արգելում էր պատգամավորներին «կալանավորել, հարցաքննել, դատապարտել առանց խորհրդարանի թույլտվության», համարվում է անվավեր:

ԺԴԿ պատգամավորներին մեղադրում են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապեր ունենալու համար: