ԵՄ-ն պատրաստվում է «Արևելյան գործընկերության» երկրների քաղաքացիներին ազատել ռոումինգի ծառայությունների վճարից
Մինչև 2020 թվականն «Արևելյան գործընկերության» երկրների քաղաքացիները կազատվեն Եվրամիության տարածքում ռոումինգի ծառայությունների վճարից: Այդ մասին Քիշնևում հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը: Նրա խոսքով՝ անվճար ռոումինգի մասին հայտարարությունը կընդունվի աշնանը Բրյուսելում կայանալիք գործընկեր երկրների գագաթնաժողովում:
«Մենք կտրամադրենք գործընկեր երկրներին լայնաշերտ ռոումինգի ծառայությունների հասանելիություն: Մենք նաև շեշտը կդնենք իրավական պետության և հիմնարար իրավունքների վրա: Ցանկանում ենք ավարտել եվրոպական տրանսպորտի ցանցի ընդլայնումը: Եվ դա օրինակներից մեկն է, որ մենք կարող ենք առաջարկել»,- ասել է Յոհանես Հանը:
Հանն այդ հայտարարությամբ հանդես է եկել «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների իններորդ խորհրդակցության շրջանակներում:
Եվրահանձնակատարը հավելել նաև, որ ԵՄ-ն ցանկանում է, որ միությունում գործարարները և քաղաքացիները լիարժեք օգուտ ստանան Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ նոր համաձայնագրերի կողմից բացված նոր առևտրային հնարավորություններից:
Նշենք, որ «Արևելյան գործընկերության» մեջ են մտնում Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ուկրաինան և Մոլդովան:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրամիությունում հունիսի 15-ին ուժի մեջ է մտել ԵՄ անդամ բոլոր երկրների տարածքում ռոումինգի համար վճարների վերացման մասին որոշումը: ԵՄ անդամ պետությունների քաղաքացիները միության սահմանների ներսում կարող են բջջային հեռախոսներով զանգել, ուղարկել և ստանալ տեքստային հաղորդագրություններ, ինչպես նաև մտնել համացանց նույն գնով, ինչպես որ իրենց երկրում:










