Լավատեսության հիմքեր չկան, բայց կա զգուշավոր մոտեցում գործընթացին. Կարեն Բեքարյանը՝ Նալբանդյան–Մամեդյարով հանդիպման մասին
Լավատեսության հիմքեր չկան, բայց կա զգուշավոր մոտեցում գործընթացին. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Բրյուսելում երեկ կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը:
Կարեն Բեքարյանն առանձնացրեց գործընթացի մի քանի տարրեր և նշեց, թե տրամաբանական խոսակցություններ կան, որ թե՛ ԼՂՀ-Ադրբեջան, թե՛ ՀՀ-Ադրբեջան սահմանին իրավիճակը պետք է թույլ տա բանակցային գործընթացն առաջ մղել:
«Առաջին հերթին լարվածության թուլացման խնդիրները կան, որն էլ ինքին ուղղակիորեն կապում է Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների հետ: Այսինքն՝ բանակցող կողմի նկատմամբ հայկական կողմը պետք է վստահություն ունենա, իսկ դա նշանակում է պայմանավորվածությունները պետք է աշխատեն և ուրեմն, կարծում եմ, առավել քան տրամաբանական է, որ այս հարցը նորից հանդիպման մեջ կարմիր թելով գնում է»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ բացի այդ համանախագահների կողմից արդեն հարցադրումներ են արվում ԱԳՆ նախարարների հետ ճշգրտելու և պատրաստելու նախագահների հանդիպումը:
«Հետևաբար նորից, ինչպես միշտ, մենք նույն բանաձևն ենք ասում, որ ցանկացած՝ անգամ դժվար տևող բանակցությունը լարվածությունից, առավել ևս պատերազմից, շատ ավելի նախընտրելի վիճակ է: Ավելի լավ է, որ կազմակերպվի հանդիպում, որն էլ կլինի բովանդակային ու նախկին պայմանավորվածությունների կատարման հիման վրա, այդ ժամանակ առաջընթաց արձանագրելու ինչ-որ հույսեր կարթնանան, լավատեսության հիմքեր կլինեն: Այս պահի դրությամբ շատ զգուշավոր է արձագանքը, բայց ես Վիեննայի այս հանդիպումների մեջ կարևորում եմ նաև ՌԴ արտգործնախարարի հետ հանդիպումները, որովհետև կրկին կար անդրադարձ պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ և, բնականաբար, նաև ՀՀ արտգործնախարարի ելույթը, որտեղ շատ հստակ է բանաձև է դրվում և ընկալելի է գործընկերների համար, որովհետև առավել քան տրամաբանական է»,-ասաց նա:
Կարեն Բեքարյանը հիշեցրեց, որ Էդվարդ Նալբանդյանի ելույթի հիմքում այն էր, որ եթե ունենք մեխանիզմների տեղադրման պայմանավորվածություն, որը ցույց կտա, թե ո՞վ է խախտող կողմը, բնական չէ՞, որ ով հրաժարվում է իրականացնել, նա էլ խախտող կողմն է:
«Այս շեշտադրումն առաջին անգամ չէ, բայց հստակ դրվեց ՀՀ արտգործնախարարի ելույթում ևս մեկ անգամ, այսինքն՝ որ սահմանի լարվածությունը, այդ թվում մարդկային զոհերը ընկնում է հենց այն կողմի վրա, ով հրաժարվել է անել, և սա ընկալելի է միջազգային գործընկերների համար»,-ասաց նա:
ՀՀԿ–ական պատգամավորը շարունակեց, թե միևնույն ժամանակ տեսանելի է դառնում իրական դեպքերի շղթան՝ կապված հուլիսի 4-ին ադրբեջանական գյուղի հրետակոծության և քաղաքացիական անձանց զոհվելու կապակցությամբ Ադրբեջանի բարձրացրած աղմուկի ու հիստերիայի հետ:
«Հակահայկականության բորբոքումը, դիվիդենտներ քաղելու խնդիրը կարծես ի չիք է դառնում: Նաև արտգործնախարարի ելույթից, թե որքան կարելի է համբերել և օգտագործել ինքնապաշտպանության իրավունքը՝ չնայած իմանալով, որ Ադրբեջանը վահան է օգտագործում խաղաղ բնակչությանը և իր զենքերը կրակում այդտեղից»,-ասաց նա:
Հարցին, թե չի՞ կարծում, որ կարևոր ու վտանգավոր սահմանագծին է գործընթացը հասել և համանախագահներն ու միջնորդ երկրները գիտակցելով դա՝ կփորձեն ուժեղացնել ջանքերը և գուցե պայմանավորվածության մի մասը կյանքի կկոչվի, Կարեն Բեքարյանը պատասխանեց, թե սահմանագծի վտանգը նոր չէ, որ հասել է և հավելեց, թե այո՝ այդ գիտակցումը կա:
«Սրացումները ցույց են տալիս, որ սուր պահը հաղթահարված չէ և չպետք է թուլացնենք մեր զգոնությունը, և համանախագահներն էլ իրենց հերթին հասկանում են, որ իրավիճակն ամեն դեպքում լիարժեք կանխատեսելիության մեջ չէ: Հիմա իրենց ջանքերը ասել չկան, ճիշտ չէ, այլ խնդիր է, թե նման ջանքերն ի՞նչ արդյունավետություն ունեն և Ադրբեջանի պահվածքի դեպքում որքանով է իրեն արդարացնում, սա այլ խնդիր է: Բազմիցս ենք խոսել հասցեականության մասին, դա էլ ինքնանպատակ չպետք է լինի, պետք է հասկանալ, թե հաջորդ քայլերը որո՞նք են, համանախագահներն ի՞նչ գործիքներ ունեն իրավիճակը բերելու այնպիսի դաշտ, որպեսզի բանակցող կողմը կանխատեսելի լինի: Այսինքն՝ մեծ խնդիր կա մոտեցումների վերանայման, որովհետև փորձը ցույց է տալիս՝ Ադրբեջանն այդ փափուկ գործիքակազմը առավել քան չարաշահում է»,-ասաց նա:
Հարցին, թե կարելի է ակնկալել, որ այս հանդիպումից հետո հրադադարի խախտումները կդադարեցվեն, որի մասին արտգործնախարարն էլ բարձրաձայնել է, Կարեն Բեքարյանը պատասխանեց. «Մեծ հույսեր չունեմ, որովհետև մեկ բան է հայտարարելը, պայմանավորվելը, մեկ այլ բան՝ իրականացնելը Ադրբեջանի դեպքում: Այսինքն՝ փորձը ցույց է տալիս, անգամ պայամանավորվածությունը չի կայացվում: Մյուս կողմից էլ կա բացասական ավանդույթ, որ նման հանդիպումները, նաև համանախագահների տարածաշրջան այցերի ժամանակ Ադրբեջանը սադրանքների է գնում սահմանին և այդ տեսակետից լավատեսության հիմքեր չկան և մենք այսպես, թե այնպես պետք է մեր աչքի առաջ ունենանք»:










