Շվեդիայում Էրդողանի դեմ ցեղասպանության մեղադրանքով հայց է ներկայացվել

11:59 • 12.07.17

Շվեդ օրենսդիրները հայց են ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ՝ նրան մեղադրելով ցեղասպանության, մարդկության դեմ ու պատերազմական հանցագործությունների իրականացման համար:

Ինչպես նշում է The Independent-ը, 5 շվեդ օրենսդիր հայց է ներկայացրել երկրի դատախազություն՝ նշելով, որ Էրդողանը դերակատարում ունի 2015թ. ի վեր քուրդ զինյալների ու թուրքական զինված ուժերի միջև ընթացող արյունալի հակամարտության մեջ:

Պարբերականը նկատում է, որ սա առաջին դեպքն է, երբ Շվեդիայում մեկ այլ պետության ղեկավարի դեմ դատական հայց է ներկայացվում:

Հայտնի է, որ Էրդողանից զատ՝ հայցում նշվում են Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի ու մի շարք թուրք նախարարների անուններ:

Դատախազության կողմից դատական գործ սկսելու դեպքում հնարավոր է, որ Էրդողանին ձերբակալելու հրաման տրվի:

Աղբյուրը հավելում է, որ 2014թ. Շվեդիայում ընդունվել է օրենք, համաձայն որի երկրի դատարաններն իրավասու են գործ հարուցել մարդկության դեմ հանցագործությունների իրականացման մեղադրանքով՝ անկախ նրանից, թե դեպքերը որ երկրում են տեղի ունեցել:

«Ցանկացած ոք, ով ներգրավված է մարդկանց ազգային կամ էթնիկ խմբերի ամբողջական կամ մասնակի ոչնչացման գործում, մեղավոր է ցեղասպանության համար»,-ասվում է Շվեդիայում գործող օրենքում:

Կանաչների կուսակցության անդամ Կառլ Շլայթերը, մեկնաբանելով հայցը, հույս է հայտնել, որ եվրոպական մյուս երկրները ևս նմանատիպ քայլի կդիմեն: