Եթե ԱՄՆ-ն ինձ Թուրքիային արտահանձնելու որոշում կայացնի՝ ես չեմ փախչի. Գյուլեն
Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը հարցազրույց է տվել բրիտանական հեղինակավոր Reuters գործակալությանը։
Գյուլենը հայտնել է, որ հուսով է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն Թուրքիային արտահանձնելու որոշում չի կայացնի, սակայն եթե իշխանություններն արտահանձնեն նրան՝ նա չի փախչի և կվերադառնա Թուրքիա։
«Եթե նման որոշում կայացվի՝ ես կվերադառնամ Թուրքիա։ Ես չեմ փախչում», - ասել է Գյուլենը։
Թուրք կրոնական քարոզիչը, ով համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիվ մեկ հակառակորդը, շեշտել է, որ հեղաշրջման փորձի հետ նա որևէ կապ չունի և դեմ է բոլոր տեսակի ռազմական հեղաշրջումներին։
Խոսելով Էրդողանի մասին՝ Գյուլենն օգտագործել է բռնակալ բառն ու նշել, որ գուցե ԱՄՆ-ի և Եվրամիության համապատասխան ճնշման դեպքում Էրդողանը ստիպված լինի լսել քաղաքակիրթ աշխարհին։
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը դեռևս չի մեկնաբանել Գյուլենի այս խոսքերը։
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:










