Սաակաշվիլին ասել է, որ չի վախենում Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվելուց

09:59 • 12.07.17

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ բնավ չի վախենում Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվելուց։ Այդ մասին նա ասել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է ռուսական РИА Новости-ն։

«Դա ֆանտազիայի ոլորտից է: Եթե Ուկրաինայի իշխանություններն այդքան ուժ ունենային` այսօր ավելի լավ վիճակում կլինեին: Նրանք չունեն քաղաքական ռեսուրս, և բացի այդ` ես չեմ վախենում դրանից», - ասել է Սաակաշվիլին:

Նշենք, որ Սաակաշվիլին լքել է Վրաստանը 2013թ.-ին՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի պաշտոնավարման մեկնարկից հետո։

2015թ.-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան Ուկրաինայի քաղաքացիություն է շնորհել և նշանակել Օդեսայի նահանգապետ։

2016թ.-ին Սաակաշվիլին հեռացել է այդ պաշտոնից՝ հայտարարելով, որ Ուկրաինայի իշխանությունները չեն ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ։