Ադրբեջան ռուսական սպառազինության մատակարարման պայմանագիրն իրականացվել է 90 տոկոսով. Ադրբեջանի ՊՆ

17:31 • 13.07.17

ՌԴ-ից տանկերի, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և «Մստա-Ս» կայանքների մատակարարման պայմանագիրն իրականացվել է 90 տոկոսով: Բաքուն «վճարել է սպառազինության համար և բարեհաջող դրանք կիրառում է»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:


Ավելի վաղ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնել էր, որ Ռուսաստանից գնված ռազմատեխնիկայի և ռազմամթերքի հերթական խմբաքանակը ժամանել է երկիր: Ռուսաստանից գնված սպառազինության նախորդ խմբաքանակը երկիր էր մատակարարվել հունիսին: Ինչպես գրում է գործակալությունը, պայմանագրի գումարը չի հայտարարվել, սակայն ԶԼՄ-ներում հրապարակումների համաձայն՝ այն կազմել է մոտ 5 միլիարդ դոլար:


«Պայմանագիրն արդեն իրականացվել է փաստացիորեն 90 տոկոսով: Մենք այն վճարել ենք: Մնացել են մանրուքներ: Ամեն ինչ արդեն վաղուց Ադրբեջանում է և բարեհաջող կիրառվում է… Այդ ամենը ժամանակակից զենքեր են, որոնք մենք սովորել ենք օգտագործել և կիրառում ենք»,- ասել է ադրբեջանցի նախարարը:


Հասանովը հայտարարել է նաև, որ երկրի զինված ուժերն ունի հակահրթիռային զենք, որը «կարող է կործանել Հայաստանում տեղակայված «Իսկանդեր» համալիրների հրթիռները»:


«Ես՝ որպես պաշտպանության նախարար, հայտարարում եմ, որ մենք ունենք հակազդեցության համակարգ, մենք կարող ենք կործանել այդ հրթիռները: Մենք նույնպես ունենք հրթիռներ, 50 անգամ ավելի շատ: Ես ամբողջական պատասխանատվություն եմ կրում իմ ասած խոսքերի համար»,- ասել է նախարարը:


Նա հավելել է, որ այդ հրթիռներն Ադրբեջանը ձեռք է բերել ոչ ՌԴ-ում։