Մեկնարկել է «1000 դրամների» վճարումների դեմ դատավարությունը, ՊՆ-ն առարկել է որպես պատասխանող կողմ հանդես գալ
Հուլիսի 12-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների կողմից «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված վճարումների դեմ ներկայացված հայցի առաջին քննությունը:
Tert.am-ի հետ զրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակից, փաստաբան Անի Չատինյանը նշեց, որ դատավարության նախնական փուլում ներկայացրել են իրավական և փաստական հանգամանքներ:
«Հայցադիմումով հիմնավորումներ են ներկայացրել այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի իմաստով անհիմն հարստացել է՝ խախտելով ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության տնօրինման իրավունքը, այսինքն՝ այն հակասում է Սահմանադրությանը, մենք չենք խոսում այն մասին, թե այդ գումարները հիմնադրամը ինչպես է ծախսում, մենք խոսում ենք օրենքի ոտնահարման մասին, այդ գումարը կարող է բանակին գնալ, կամ չգնալ, մենք վիճարկում ենք քաղաքացիների իրավունքների ոտնահարումը»,- մանրամասնեց փաստաբանը:
Անի Չատինյանը մանրամասնեց, որ դատական առաջին նիստին մասնակցել է պաշտպանության և ֆինանսների նախարարության ներկայացուցիչները: Ֆինանսների նախարարության ներկայացուցիչն առարկել է՝ նշելով, որ օրենք չեն խախտում:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչն էլ չի ցանկացել որպես պատասխանող կողմ հանդես գալ՝ նշելով, որ ՊՆ պատշաճ պատասխանող չէ այս գործում, պիտի ֆինանսների նախարարությունը պատասխանի:
«Բայց դատավորը ՊՆ-ին չհանեց պատասխանողների ցուցակից, ուստի ՊՆ-ն պետք է պատասխանի այն հարցադրումներին»,- շեշտեց փաստաբանը:
Անի Չատինյանը տեղեկացրեց, որ գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է Հոկտեմբերի 13-ին:
Հիշեցնենք, որ այս խնդրով ՀՔԱՎ-ը դիմել էր նաև Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի վերջինս դիմի ՍԴ, բայց ՄԻՊ-ը մերժել էր:










