Թուրքիայում ազատազրկման դատապարտված Սևան Նիշանյանը փախել է բանտից

23:47 • 14.07.17

Հայազգի գրող Սևան Նիշանյանը, ով 17 տարվա ազատազրկման է դատապարտվել, փախել է բանտից, որտեղ գտնվում էր 2014 թվականից: 

Ինչպես հաղորդում է Asbarez-ը, Նիշանյանն ուրբաթ առավոտյան դուրս է եկել անվտանգության նվազագույն միջոցառումներ իրականացնող բանտից և չի վերադարձել: 

Նշանյանի Twitter-ի էջում հայտնվել է հետևյալ գրառումը. «Թռչնակը թռավ. Նույնը մաղթում եմ մնացյալ 80 մլն-ին»: 

Ինչպես հաղորդվում է, թուրք պատմաբան Թաներ Աքչամն արձագանքել է Նիշանյանի փախուստի մասին լուրին` գրելով. «Թռչնակը թռավ` հուսալով ազատ աշխարհ տեսնել բոլոր թռչունների համար»: 

Հայազգի գրողին ձերբակալել և դատապարտել էին իր սեփական պարտեզում «անօրինական» շինարարություն իրականացնելու համար: Նույնիսկ թուրքական մամուլն էր նշում, որ նրա ձերբակալությունը երկրի իշխանությունների կողմից ձեռնարկված միջոց էր նրան լռեցնելու համար, քանի որ Նիշանյանը պարբերաբար քննադատում էր թուրքական ռեժիմին: