Մերկելը չի բացառել գերմանացի զինվորների դուրս բերումը Թուրքիայի ևս մեկ ավիաբազայից  

23:08 • 16.07.17

 

Բունդեսթագի պատգամավորներն իրավունք ունեն այցելելու գերմանացի զինվորականներին, որոնք ծառայում են արտերկրում: Եթե նրանց արգելում են այցելություններ կատարել, ապա Գերմանիան իրավունք է վերապահում իրեն դուրս բերելու զինծառայողներին:

 

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հիշեցրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` կիրակի ելույթ ունենալով ARD հեռուստաալիքի եթերում:

 

«Կոնիայի ավիաբազայի հարցով նույն կանոններն են գործում, ինչ և «Ինջիրլիք» ռազմաբազայի դեպքում», - հայտարարել է Մերկելը` պատասխանելով զիվորականներին տեղափոխելու մասին հաղորդավարի հարցին:

 

Ավելի վաղ Գերմանիան որոշում էր կայացրել դուրս բերել գերմանացի զինվորներին «Ինջիրլիքից», ուր թույլ չէին տվել այցելել Բունդեսթագի պատգամավորներին: 

 

Մերկելի խոսքով` Կոնիայի ավիաբազայում իրավիճակը փոքր-ինչ այլ է, քանի որ գերմանացի զինվորներն այնտեղ են գտնվում ՆԱՏՕ-ի գծով, ինչը նշանակում է, որ ոչ միայն Գերմանիան է բանակցելու, այլև դաշինքը: