Թրամփի վարկանիշը պատմական «հակառեկորդ» է սահմանել
Կառավարման կես տարվա ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրանցել է վերջին 70 տարիների ընթացքում ԱՄՆ բոլոր նախագահների մեջ աջակցության ամենացածր ցուցանիշը: Այդ մասին վկայում են կիրակի հրապարակված ABC News-ի և The Washington Post-ի համատեղ հարցման տվյալները, հայտնում է Politico-ն:
Նախագահի պաշտոնին Թրամփի գործունեությունը հավանության է արժանացնում ամերիկացիների միայն 36 տոկոսը, մինչդեռ հարցման մասնակիցների 58 տոկոսը դժգոհ է Դոնալդ Թրամփի աշխատանքից:
Այդկերպ Թրամփի աջակցության մակարդակը նվազել է ևս վեց կետով նախագահության նրա 100 օրվա կապակցությամբ հաշվարկված վարկանիշի համեմատ:
Մոտ նույնքան ցածր են եղել կես տարի նախագահի պաշտոնին անցկացնելուց հետո նախագահ Ջերալդ Ֆորդի ցուցանիշները՝ (39 տոկոս) 1975 թվականի փետրվարին:
Նախագահների Բարաք Օբամայի և Ջորջ Բուշ Կրտսերի ցուցանիշները կես տարի պաշտոնավարումից հետո եղել են 59 տոկոս:
Բացի այդ հաղորդվում է, որ հարցման մասնակիցների 60 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը փորձել է ազդել ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքների վրա, իսկ 67 տոկոսը վստահ է, որ Թրամփի թիմը նրան օգնել է այդ հարցում:










