ՀՀ-ն պետք է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի. Էդմոն Մարուքյանը՝ ՀՀ–ում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տրամադրելու առաջարկի մասին

16:47 • 17.07.17

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի համար անակնկալ չէր ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկը Հայաստանի իշխանություններին՝ երկրում օրենսդրորեն պաշտոնական կարգավիճակ տրամադրել ռուսերեն լեզվին: Tert.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ Ռուսաստանի տարածքում ազգային-վարորդական իրավունքների ճանաչման հարցի ընդունումից հետո ինքն առաջինն էր, որ ահազանգեց, որ այդ օրենքը հստակ մեսիջ է ՀՀ իշխանություններին:

«Որովհետև այնտեղ ասում էին, որ եթե ցանկանում եք ձեր վարորդներն էլ օգտվեն, ապա պետք է ռուսերենը պաշտոնեական լեզու դարձնեք: Ես ասում էի, որ հստակ մեսիջ է ՀՀ իշխանություններին, հիմա էլ ԱԺ նախագահին են ասել»,-ասաց նա և հույս հայտնեց, որ «Ելք» պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով մասնակցում է հանդիպմանը՝ համապատասխան պատասխան տված կլինի, որ դա անընդունելի է:

Բացի այդ Մարուքյանն ընդգծեց, որ ՀՀ Սահմանադրությունը այս հարցում որևէ բաց տեղ չունի: «Այսինքն՝ ՀՀ Սահմանադրությունը խաղալու տեղ չի թողնում այս առումով, որովհետև հստակ գրված է՝ ՀՀ-ում պաշտոնական լեզուն հայերենն է և երկրորդ պաշտոնական լեզու Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը խոսեց նաև անելիքներից, և նշեց, թե հաշվի առնելով, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, այդ նորմերի համաձայն՝ ՀՀ աշխատուժը  կարող է աշխատել ՌԴ–ում կամ միության անդամ այլ պետությունների տարածքում: «Իսկ եթե դա արգելվում է, ՀՀ-ն կարող է գործընթաց սկսել ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ, դրանով ցույց տալով իր վերաբերմունքը խախտումներին: Հիմա մեր քայլը  պետք է լինի դա, որ սկսում ենք դուրս գալու գործընթաց»,-ասաց Մարուքյանը և հավելեց, որ ԵԱՏՄ համաձայնագիրն ավելի բարձր իրավաբանական ուժ ունի, քան  ՌԴ Պետդումայի ցանկացած օրենք:

«Եթե չեն ուզում կիրառեն, այդ դեպքում ՀՀ-ն պետք է  սկսի ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց: Հիմա, եթե դա չարվի, ուրեմն պետական շահերը ստորադասվում են ինչ-որ հարցերի»,-եզրափակեց նա:

 

ՀՀ-ն պետք է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի. Էդմոն Մարուքյանը՝ ՀՀ–ում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տրամադրելու առաջարկի մասին