Ինձ մեղադրանք է առաջադրվել, և ես գնալու եմ մինչև վերջ. Տիգրան Աթանեսյանը՝ փաստաբանների ծեծի գործի մասին

19:20 • 17.07.17

Այսօր Կենտրոնի քննչական բաժնում փաստաբանների ծեծի գործով մեղադրանք է առաջադրվել փաստաբան Տիգրան Աթանեսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով՝ ծեծ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը. «Ես խնդրեցի, որպեսզի ինձ տրամադրվեն մեղադրանքի որոշումները: Ոչ պաշտոնապես գիտեմ, որ բոլորիս՝ միջադեպի մասնակիցներին մեղադրանք է առաջադրվել»:

Փաստաբանի խոսքով՝ այդ ամենն արվում է, որպեսզի իր և Արմեն Սողոմոնյանի վրա ճնշում գործադրվի. «Քանի որ բոլորը մասնավոր բողոքի գործեր են, ապա բողոքից հրաժարվելու դեպքում գործը կարճվում է: Այս կերպ ցույց են տալիս, թե իբր այս ամենը  իմ ու Սիմոն Բաբայանի անձնական կոնֆլիկտն է, ինչը չի եղել և բացառվում է: Իմ համոզմամբ՝ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանն է կանգնած է այս ամենի ետևում և ցանկանում է իրեն ցույց տալ որպես «մեծություն փաստաբանության մեջ»: Իհարկե դա ծիծաղելի է: Խայտառակ իրավիճակ է Փաստաբանների պալատում,  այդ հարձակվող չորս փաստաբանների շեֆը ուզում է ցույց տալ, որ կարող է բոլոր հարցերը լուծել և բոլորը մնան անպատիժ, ինչը բացառվում է»,-ասաց Աթանեսյանը:

Փաստաբանն ասաց, որ ինքը պայքարելու է մինչև վերջ և չի վախենում ոչ դատվելուց, ոչ քրեական պատասխանատվության ենթարկվելուց, ոչ արտոնագրից զրկվելուց։

Հիշեցնենք, որ ոստիկանությունում 2017թ. ապրիլի 27-ին հաղորդում էր ստացվել, որ նույն օրը փաստաբան Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկվել Տիգրան Աթանեսյանը և նրա ընկեր Արմեն Սողոմոնյանը: Փաստաբանի հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել ՔՕ-ի 118-րդ հոդվածի՝ ծեծի հատկանիշներով:

Նույն օրը հաղորդումներ էին ներկայացրել երեք փաստաբաններ՝ Սիմոն Բաբայանը և նրա երկու գործընկերներ Արսեն Հարությունյանը, Վրեժ Խաչիկյանը, որ մարմնական վնասվածքները ստացել են ապրիլի 27-ին փաստաբան Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որին մասնակցել է նաև Գևորգ Մկրտչյանը: Այդ հաղորդումների հիման վրա ևս մեկ քրեական գործ էր հարուցվել նույն հոդվածով:

Փաստաբանների ծեծի դեպքով հարուցված երկու քրեական գործերը կքննվեն մեկ վարույթում։