«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությունը հրաժարվում է Արայիկ Խանդոյանին բուժօգնություն տրամադրելուց. պաշտպան

10:31 • 18.07.17

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի  ղեկավարությունը հրաժարվում է բուժօգնություն ցուցաբերել Ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվող Արայիկ Խանդոյանին, ով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում ծեծի էր ենթարկվել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Արա Ղարագյոզյանը:

«Արդեն մոտ երկու շաբաթ է, ինչ դիմել եմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Սերոբ Հարությունյանին, սակայն միջնորդությունս ոչ մերժել է, ոչ բավարարել է, ոչ պատասխանել է»,-ասաց  Ղարագյոզյանը, հավելելով, որ միջնորդել է, որպեսզի  սոնոգրաֆիա անցկացվի և Խանդոյանին բժշկական օգնություն ցուցաբերվի:

Պաշտպանը հայտնեց, որ բացի այդ, հաշվի առնելով, որ իր պաշտպանյալը ցավեր ունի, միջնորդել է, որպեսզի դիմումն արագ քննվի: 

Ղարագյոզյանը հայտնեց, որ այսօր էլ միջնորդություն է ներկայացնելու քննիչին, որ գոնե քննիչի որոշմամբ Արայիկ Խանդոյանը դատաբժշկական փորձաքննության ենթարկվի:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ս. թ. հուլիսի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել 28.06.2017թ.-ին Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող կալանավորված անձանց և ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առիթով:

Արայիկ Խանդոյանը տուժող է ճանաչվել: