Թրամփի կարծիքով՝ Իրանը լուրջ վտանգ է ներկայացնում ԱՄՆ համար. Սպիտակ տունը նախապատրաստում է նոր պատժամիջոցներ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ Իրանն իրականացնում է «միջնորդ 6-յակի» հետ 2014թ. կնքված պատմական միջուկային համաձայնագրի պահանջները: Միևնույն ժամանակ Սպիտակ տունը նախազգուշացրել է, որ Թեհրանը շարունակում է սպառնալիք ներկայացնել տարածաշրջանային անվտանգության համար:
Ինչպես նշում է Reuters-ը, Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները մանրամասնել են, որ Իրանի դեմ նախապատրաստվում են նոր տնտեսական պատժամիջոցներ, ինչը կապված է երկրի բալիստիկ հրթիռային ծրագրի զարգացման հետ:
Պաշտոնյաների փոխանցմամբ՝ թեև Թեհրանը կատարում է միջուկային համաձայնագրի պահանջները, այնուհանդերձ, նախագահ Թրամփն ու պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը համարում են, որ «Իրանն ԱՄՆ շահերի համար ամենալուրջ վտանգը ներկայացնող երկրներից է»:
Ամերիկյան կողմն Իրանին մեղադրում է բալիստիկ հրթիռային համակարգը զարգացնելու, ապստամբներին ու ահաբեկիչներին աջակցելու, Սիրիայում իրականացված բռնություններին մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի ու «միջնորդ 6-յակի» միջև կնքված միջուկային համաձայնագիրը երբևէ կնքված վատագույն գործարքներից է, որը պետք է չեղարկվի:
Նա նաև ասել էր, որ «Իրանն աշխարհի թիվ մեկ ահաբեկչական պետությունն է»:










