Իսկ հայերի պատմական անցյալը վիրավորելը թույլատրվա՞ծ է. հայազգի պատգամավորը Ցեղասպանության մասին բարձրաձայնողներին տուգանող առաջարկի մասին
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Ստամբուլից ընտրված հայազգի պատգամավոր Սելինա Դողանը, քննադատելով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և կոալիցիոն «Ազգային շարժում» կուսակցության կողմից պատրաստված և խորհրդարանում պատգամավորների վարքին, նիստերի կանոնակարգին ու արտաքին վերաբերող փոփոխությունների 18 կետանոց փաթեթը, հայտարարել է, որ դրա իրական նպատակն ընդդիմության ձայնը ամբողջությամբ լռեցնելն է:
Այս մասին Tert.am-ին տեղեկացրին Սելինա Դողանի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ այս փաթեթը ներառում է նաև Հայոց ցեղասպանության ու քրդաբնակ նահանգների մասին խոսելիս «Քուրդիստան» անվամբ հիշատակումների դեպքում պատգամավորներին դրամական տույժի ենթարկելու առաջարկը:
Ըստ առաջարկի՝ «թուրք ժողովրդի պատմությունն ու Թուրքիայում ապրող ժողովուրդների ընդհանուր անցյալը վիրավորելու և մեղադրանքներ ներկայացնելու» պարագայում պատգամավորները պետք է ժամանակավոր զրկվեն նիստերին մասնակցելու հնարավորությունից, բացի այդ՝ նրանց աշխատավարձից կկատարվի 12 000 թուրքական լիրայի չափ պահում:
Դողանը մեղադրել է իշխանություններին ազգային ու կրոնական փոքրամասնությունների հանդեպ ատելություն տարածելու համար և հարց հղել Մեջլիսին՝ «եթե Թուրքիայի պատմական անցյալը վիրավորելու հիմունքով Ցեղասպանության մասին խոսողները պիտի տուգանվեն, ապա նույն ամբիոնից հայերին վիրավորողները ի՞նչ պատիժ պիտի կրեն»:
«Թուրքիայում ապրող ու ապրած ժողովուրդների ընդհանուր անցյալը ոչ ոք չպետք է վիրավորի և չի էլ կարող, լա՛վ, իսկ մյուս ազգերը՞: Օրինակ՝ հայերի պատմական անցյալը վիրավորելը թույլատրվա՞ծ է: Հրեաների մասին ամեն պատգամավոր կարո՞ղ է վիրավորական արտահայտություններ օգտագործել: Հույներին, ասորիներին վիրավորելու հարցում ազատությո՞ւն է տրված», - ասել է հայազգի պատգամավորը:
Նա հիշեցրել է, որ այն դեպքում, երբ հայերն աղոթում են այդ հողերի բարորության համար, Թուրքիայում շարունակում են բոլոր ոխերիմ թշնամիներին բնութագրել որպես հայ:
«Թուրքիայի Հայոց պատրիարքարանը հեղաշրջման փորձի մեկ ամյակին հատուկ հոգեհանգստյան կարգ անցկացրել անցյալ տարվա հուլիսի 15-ին մահացածների հոգիների համար, հրեական համայնքն իր հերթին աղոթքներ հնչեցրեց երկրի խաղաղության ու բարորության համար: Իսկ դուք ի՞նչ արեցիք: Հեղաշրջման փորձի կազմակերպիչ Ֆեթուլլահ Գյուլենին հայ կոչեցիք, Գյուլենի ու հրեաների համագործակության մասին գրեցիք», - նշել է Դողանը:
Նշենք, որ վերոնշյալ առաջարկի 18 կետերից 11-ն արդեն ընդունվել է Մեջլիսի կողմից:










