Արցախի Հանրապետությունը շատ ճիշտ ճանապարհ է ընտրել՝ անցումային փուլում խորհրդարանի միջոցով նախագահ ընտրելով. Հրայր Թովմասյան
ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանի խոսքով՝ Արցախում մինչ սահմանադրական հանրաքվեն կային կառավարման նույն խնդիրները, որոնք ուներ Հայաստանի Հանրապետությունը, այն կոնֆլիկտագեն իրավիճակը, որի պարագայում ոչ միայն նախագահական իշխանությունը, այլ երկրի ամբողջ իշխանությունը կարող էր պարալիզացվել և թուլանալ:
Tert.am-ի հետ զրույցում իր նշածները նա պայմանավորեց երկրի կառավարման կիսանախագահական մոդելի առանձնահատկություններով՝ նշելով, որ նախագահական մոդելին անցնելը Արցախի դեպքում առավել ճիշտ էր:
«Մենք ականատեսն ենք եղել, թե ինչ խնդիրներ են առաջանում, երբ երկրի նախագահն ու խորհրդարանական մեծամասնությունն այլ ուժերն են ներկայացնում: Տեսել ենք, որ նախագահը մասնակցում է հանրահավաքի, որն ուղղված է կառավարության դեմ, և այդ համակեցության իրավիճակների հնարավոր ստեղծման պարագայում որևէ երկիր ապահովված չէ այն ներքին բախումներից, այն ինստիտուցիոնալ հակասություններից, որոնք կան կիսանախագահական կառավարման մոդելի պայմաններում»,- նշեց նա:
Հրայր Թովմասյանը, խոսելով Արցախի սահմանադրական հանրաքվեի արդյունքում ընտրված նոր կառավարման մոդելի առանձնահատկությունների մասին, նշեց, որ դրանք հարմարեցված են երկրի առանձնահատկություններին, այստեղ հաշվի են առնվել Արցախի անվտանգային և պաշտպանական առանձնահատկությունները: Նոր սահմանադրությամբ, ըստ Հրայր Թովմասյանի, Արցախը մոդեռնիզացիան նախագահական կառավարման մոդելի երկիր է, որն ունի անկյունաքարային տարբերություններ թե՛ դասական նախագահական մոդելից,թե՛ խորհրդարանականից․ մոդեռնիզացիան նախագահական մոդելով՝ խորհրդարանական և նախագահական ընտրությունները միաժամանակ են ընթանում:
Նշենք, որ Արցախը նոր կառավարական մոդելի անցումը տևելու է մինչ 2020 թվականը, իսկ այսօր անցումային փուլի համար նախագահ է ընտրելու երկրի խորհրդարանը:
Հրայր Թովմասյանը Tert.am-ի խնդրանքով անդրադարձավ Արցախի «Շարժում 88» կուսակցության նախկին փոխնախագահ Գեղամ Բաղդասարյանի քննադատություններին, թե խորհրդարանի կողմից անցումային փուլի համար նախագահ ընտրելը խոչընդոտում է Արցախում ժողովրդավարության զարգացմանը, ըստ նրա, ավելի քաղաքակիրթ կլիներ խորհրդարանի լուծարումն ու նոր նախագահ և խորհրդարան ընտրելը:
«Հաշվի առնելով, որ խորհրդարանն Արցախում նոր է ընտրվել և նախագահի լիազորությունները ավարտվում էին, արցախցիներն ունեին երկու ճանապարհ այդ խնդիրները լուծելու: Պետք է ասեմ, որ քննարկվել է խորհրդարանի աշխատանքները վաղաժամկետ դադարեցնելու տարբերակը, սակայն դա ակադեմիական շրջանակներում, գրականության մեջ շատ ավելի կոպիտ միջամտություն է դիտարկվում երկրի ժողովրդավարության հաստատման գործընթացում, քան անցումային փուլում երկրի նախագահին այլ տարբերակով ընտրելը,- ասաց նա՝ նշելով, որ եթե խորհրդարանն իրեն տրված 5 տարի ժամանակից շուտ լուծարվեր, հարց էր առաջանալու՝ ո՞վ է քեզ տվել այդ իրավունքը,- խորհրդարանի լիազորությունների դադարեցումը՝ լինի օրենքով, թե սահմանադրությամբ, միջամտություն է երկրի ներքին կյանքին»:
Հրայր Թովմասյանի կարծիքով՝ Արցախի Հանրապետությունը շատ ճիշտ ճանապարհ է ընտրել՝ անցումային փուլում խորհրդարանի միջոցով նախագահ ընտրելով:
Անդրադառնալով այն քննարկումներին, ըստ որոնց, չպետք է գործող նախագահը մասնակցի ընտրություններին և խորհրդարանի կողմից ընտրվի, նա նշեց․ «Կիսանախագահական մոդելի նախագահն ու անցումային փուլի և անցումային փուլից հետո ընտրվող նախագահների միջև որևէ կապ չկա, նրանց լիազորությունները, գործառույթները տարբեր են: Պատկերացրեք՝ սահմանված է, որ Կենտրոնական բանկի նախագահը երկու անգամից ավելի չի կարող դառնալ Կենտրոնական բանկի նախագահ, հետո իրեն ասում են՝ Դուք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ էլ չեք կարող լինել: Պետք է հասկանալ՝ դրանք տարբեր պաշտոններ են, անուններն են նույնը»:
Հրայր Թովմասյանը նշեց, որ պետք է հաշվի առնել մեկ կարևոր հանգամանք ևս՝ անցումային փուլի և անցումային փուլից հետո ընտրվող նախագահները հաշվետու են լինելու խորհրդարանին․ խորհրդարանը կարող է նրանց անվստահություն հայտնել և դադարեցնել նրանց լիազորությունները:
«Վստահեցնում եմ, որ հատուկ հենց անցումային դրույթներով, ի տարբերություն, օրինակ, խորհրդարանական կառավարման մոդելի, որտեղ նախագահները կարող են ընտրվել խորհրդարանական մեծամասնությամբ, այս դեպքում նախագահն ընտրվում է խորհրդարանի ձայների 2/3-ով, և եթե նայենք այդ 2/3-ի հետևում կանգնած ընտրողների թիվը, ապա կնկատենք, որ այն ավելի մեծ է, քան այն մեծամասնությունը, որը կարող էր նախագահին ընտրել: Ստացվում է՝ նախագահը սովորական ընտրություններում կարող էր ստանալ ընտրողների ձայների 50+1 տոկոսը, որը շատ ավելի հեշտ է, քան այս տարբերակը»,- ասաց նա:
ԱԺ պատգամավորը կարևորեց, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ թե՛ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ Արցախի Հանրապետությունը ոչ թե կուրորեն հետևեցին այս կամ այն երկրի կառավարման ձևերին և որոշեցին դրանք մեխանիկորեն ընդօրինակել, այլ հաշվի առնելով սեփական առանձնահատկությունները ՝ինքնուրույն կառավարման մոդել ընտրեցին, որում կան տարրեր բացառապես երկու երկրներին բնորոշ:
«Ես դա համարում եմ և՛ քաղաքական, և՛ իրավական յուրօրինակ ձեռքբերում»,- ասաց Հրայր Թովմասյանը:










