Բլոգեր Լապշինի արտահանձնումը Կրեմլի թեման չէ. Պեսկով

14:39 • 20.07.17

Բաքվում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հնարավոր արտահանձնումը Կրեմլի թեման չէ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Ո՛չ, դա Կրեմլի թեման չէ»,- հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում հետևում են այդ թեմային և պնդելու են նրա արտահանձնումը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ բլոգեր Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը չի բացառել Ռուսաստան Լապշինի արտահանձնումը:


Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հինգշաբթի բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել է երեք տարվա ազատազրկման: Ինչպես նշված է դատավճռում, Ալեքսանդր Լապշինը մեղավոր է ճանաչվել 318.2 հոդվածով, որը նախատեսում է պատիժ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմանները» «անօրինական հատելու համար»:


Նա պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում: Դատախազը խնդրել էր Լապշինի նկատմամբ սահմանել պատիժ՝ 6,5 տարվա ազատազրկման տեսքով:


Դատախազը խնդրել էր Լապշինի նկատմամբ սահմանել պատիժ՝ 6,5 տարվա ազատազրկման տեսքով:


Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին՝ 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:


ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով բլոգերի արտահանձնմանը, հայտարարել էր, որ Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։