Հարկավոր է հանձնաժողով ստեղծել և պարզել, թե ինչպես է անհետացել ջրամբարների ջուրը. Բերբերյան

20:19 • 23.07.17

Այս տարվա մեծ քանակությամբ ձյան պարագայում մենք ընդհանրապես ջրի խնդիր պետք է չունենայինք: Պետք է հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի, թե ինչպես է անհետացել ջրամբարների ջուրը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

 

«Պետք է Հանրապետության նախագահին կից մասնագետների հանձնաժողով ստեղծվի, որոնք պաշտոնյաների հետ որևէ կապ չեն ունենա, և խորը ուսումնասիրություն արվի, թե այդ ջուրը ո՞ր ՀԷԿ-երի միջոցով է անհետացել: Ջրամբարների ջրի հոսքի ուղղություններն արդյո՞ք մաքրվել են, թե՞ ոչ, որովհետև թղթի վրա մաքրվել են, բայց փաստացի չեն մաքրվել, իսկ դրա համար գումարներ են հատկացվել»,- նշեց նա:

 

Հիշեցնենք, որ ԱԺ-ն վավերացրել է կառավարության ներկայացրած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կառավարության ներկայացրած փոփոխության համաձայն՝ Սևանից ջրառի ծավալները տարեկան 170 մլն խմ-ից կհասցվի 270 խմ-ի։ Ըստ գործադիրի՝ լրացուցիչ ջուրն ուղղվելու է Արարատյան դաշտի մի քանի համայնքների հողատարածքների ոռոգմանը, ինչպես նաև Սևան-Հրազդան ՀԷԿ-երի համակարգում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալների մեծացմանը: 

 

Բերբերյանի խոսքով՝ կառավարությունն ինչ-որ ձևով պետք է արդարացներ իր քայլը՝ նշելով, որ Սևանից ջրառը ուղղվելու է հողատարածքների ոռոգմանը:

 

«Երբ պաշտոնյան իր գործից չի հասկանում, ամեն ինչ սպասելի է: Այսօր երաշտ է հանրապետությունում, ջրամբարների ջուրն անհետացել է, և գյուղատնտեսության նախարարությունն այդ հարցով ձայն չի բարձրացնում»,- ասաց նա:

 

 

 

 

Հարկավոր է հանձնաժողով ստեղծել և պարզել, թե ինչպես է անհետացել ջրամբարների ջուրը. Բերբերյան