ՀՀ քաղաքացին «գրին քարտ» է շահել, այն ստանալու համար  իր անունով ատեստատ է պատրաստել և ներկայացրել դեսպանատուն. գործը դատարանում է

20:25 • 24.07.17

ՀՀ քաղաքացի Աշոտ Ստեփանյանը «գրին քարտ» է շահել,սակայն դրանից հետո պահանջվող փաստաթղթերից չունենալով միջնակարգ կրթության վկայական, ինքն է պատրաստել փաստաթուղթ ու ներկայացրել դեսպանատուն:

Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Շենգավիթի դատարան և մակագրվել դատավոր Վաչե Մարգարյանին:

Աշոտ Ստեփանյանը 2016 թվականի մայիս ամսին շահել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից կազմակերպվող բազմազանության արտոնագրերի ծրագրի միջոցով (գրին քարտի վիճակախաղ) ԱՄՆ ներգաղթային արտոնագրի ստանալու վերաբերյալ վիճակախաղը: Սակայն, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չունենալով միջնակարգ կրթություն, 2017 թվականի փետրվարի 14-ին օգտագործել է իր անվամբ պատրաստված իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող՝ Երևանի թիվ 125 միջնակարգ դպրոցը ավարտելու վերաբերյալ Ա 185736 սերիա համարի միջնակարգ կրթության ատեստատը: Այնուհետև այդ ատեստատը ներկայացրել է ՀՀ-ում գործող ԱՄՆ դեսպանատուն:

Աշոտ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել 325-րդ մաս 1-ի հատկանիշներով՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: